Ամերիկյան անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների փորձը կկիրառվի Գյումրիում նմանատիպ կենտրոն հիմնելիս

Ի՞նչ է անկախ կյանքը, ինչպիսի՞ ռեսուրսներ, հմտություններ և հնարավորություններ են հարկավոր հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքով ապրելու համար, ինչպիսի՞ առաքելությամբ և տեսլականով պետք է առաջնորդվի անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը և ի՞նչ ծառfայություններ պետք է այն մատուցի:

Այս և այլ հարցեր քննարկվեցին գործընկեր Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության և ԱՄՆ-ի անկախ կյանքի առաջատար փորձագետների՝ Կալիֆորնիայի անկախ կյանքի կենտրոնների հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Միլզի և Ability360 կազմակերպության համայնքային ներառման հարցերով փոխնախագահ Դարել Քրիստենսոնի հետ առցանց խորհրդատվությունների ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում առաջիկայում Գյումրիում կբացվի անկախ կյանքի ռեսուրս կենտրոն (ԱԿՌԿ): Շաբաթական մեկ անգամ անցկացվող առցանց խորհրդատվությունների ընթացքում ԱՄՆ անկախ կյանքի փորձագետները «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմի հետ կիսվեցին իրենց փորձով և արդյունավետ գործող ԱԿՌԿ ստեղծելու վերաբերյալ իրենց խորհուրդներով: Դրանք ընդգրկում են առաջարկություններ և ռազմավարություններ՝ ուղղված հաշմանդամության տարբեր խմբերի անձանց մատչելի ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև անկախ կյանքով ապրելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու միջոցով նրանց հզորացնելուն:

Անկախ կյանքի ամերիկացի փորձագետների և Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության թիմի հետ առցանց քննարկումների արդյունքում «Ագաթ» ՀԿ-ի թիմը մշակեց Գյումրիի անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի առաքելությունը և տեսլականը, ինչպես նաև այն հիմնական ծառայությունների ցանկը, որոնք տրամադրվելու են կենտրոնի շահառուներին:

«Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը նշում է. «Արժևորելով հեռահար խորհրդատվությունները` ուզում եմ նշել, որ բախտավոր ենք, քանի որ մեզ հնարավորություն է ընձեռված  գործնական և լավագույն խորհուրդներ ստանալ մեր ամերիկյան գործընկերներից, ովքեր երկար տարիների փորձառություն ունեն անկախ կյանքի կենտրոնների արդյունավետ կառավարման ոլորտում։ Քանի որ ծրագրի շրջանակներում շուտով Գյումրիում հիմնելու ենք անկախ կյանքի ռեսուրս կենտրոն, այս փուլում աշխատում ենք, որքան հնարավոր է, շատ տեղեկատվություն ստանալ անկախ կյանքի կենտրոնների փիլիսոփայության, հիմնարար սկզբունքների և ծառայությունների վերաբերյալ: Մեր փորձագետները նաև մեզ հետ կիսում են իրենց քաղած դասերը, որպեսզի կարողանանք ունենալ մարդու իրավունքների և սպառողի պահանջների ու կարիքների վրա հիմնված, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից կառավարվող կենտրոն։ «Ագաթ» ՀԿ-ի աշխատակազմը մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է պատրաստվում և մասնակցում այս խորհրդատվություններին, քանի որ դրանցից յուրաքանչյուրը մեզ շատ գիտելիքներ և հմտություններ է սովորեցնում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով