Լուսանկարում Գայանե Գրիգորյան է գործընկերոջ հետ Մոլդովայից

Հաշմանդամություն ունեցող կանանց ներառման փորձը EU4GenderEquality տարածաշրջանային համաժողովում

Բրյուսելում կայացավ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության․Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և  բռնության» ծրագրի քաղաքացիական հասարակության գործընկերների համաժողովը, որը միավորել էր ավելի քան 60 փոփոխությունների առաջնորդների Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։

Համաժողովի նպատակն էր ամփոփել ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձը, քննարկել տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները և ձևավորել գենդերային հավասարության առաջխաղացման հետագա մոտեցումները։

Համաժողովին մասնակցեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, ով գործընկերներին ներկայացրեց կազմակերպության փորձը և այն ծրագրերը, որոնք իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար EU4GenderEquality ծրագրի շրջանակում։

Քննարկումների ընթացքում Գայանե Գրիգորյանը հատկապես ընդգծեց ներառական և ինտերսեկցիոնալ մոտեցումների կարևորությունը՝ նշելով, որ գենդերային հավասարությունը հնարավոր չէ լիարժեք ապահովել առանց հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իմաստալից մասնակցության, մատչելիության և առաջնորդության։

Գայանեն գործընկերների հետ քննարկեց նաև այն խոչընդոտները, որոնք շարունակում են սահմանափակել հաշմանդամություն ունեցող կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական, տնտեսական և հանրային կյանքում, ինչպես նաև գործնական լուծումները, գործընկերային համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունները։

«Մենք խորապես հավատում ենք, որ ներառումը պարզապես հաշմանդամություն ունեցող կանանց սեղանի շուրջ հրավիրելը չէ։ Ներառումը նշանակում է ապահովել, որ այդ սեղանն ի սկզբանե նախագծված լինի նաև նրանց համար։ Շնորհակալ եմ արժեքավոր փորձի փոխանակման, ոգեշնչող քննարկումների և տարածաշրջանում ավելի ներառական գենդերային քաղաքականությունների ձևավորմանը նպաստելու հնարավորության համար», — նշում է Գայանե Գրիգորյանը։

Համաժողովի ընթացքում ՄԱԿ Կանայք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Էլիզա Ֆերնանդես Սաենսը հիշեցրեց, որ աշխարհում յուրաքանչյուր 10 մարդուց 9-ը առնվազն մեկ կանխակալ վերաբերմունք ունի կանանց նկատմամբ։ Այս խտրական սոցիալական նորմերը շարունակում են ազդել կյանքի բոլոր ոլորտների վրա՝ սկսած խնամքի աշխատանքի անհավասար բաշխումից մինչև կանանց առաջնորդության և գենդերային բռնության նկատմամբ արձագանքի սահմանափակումներ։

EU4GenderEquality ծրագրի երկրորդ փուլի ավարտին և երրորդ փուլի մեկնարկին ընդառաջ՝ համաժողովը կարևոր հարթակ դարձավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ համատեղ վերանայելու ձեռքբերումները և մշակելու ավելի արդյունավետ ու ներառական մոտեցումներ տարածաշրջանում գենդերային հավասարության առաջխաղացման համար։