«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը մայիս 26-28-ը մասնակցեց Ընտրական գործընթացներում կիբերանվտանգության, ներառման և դիմակայունության (Cybersecurity, Inclusion and Resilience in Electoral Networks – CIREN)միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։
«Կենսափորձ, մատչելիություն և ընտրություններ» խորագրով պանելային քննարկման ընթացքում Կարինե Գրիգորյանը ներկայացրեց․
- այն փաստը, որ մատչելիությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, քանի որ անմատչելի տեղեկատվական միջավայրը նպաստում է ապատեղեկատվության տարածմանը,
- հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների ներգրավման կարևորությունը ընտրական տեխնոլոգիաների մշակման, փորձարկման և ներդրման բոլոր փուլերում։
- ընտրությունների նախաշեմին աճող ապատեղեկատվության և մանիպուլյատիվ տեղեկատվության վտանգները, արհեստական բանականության միջոցով ստեղծվող կեղծ բովանդակության և խոցելի խմբերի նկատմամբ վախի վրա հիմնված քարոզչության ազդեցությունը,
- Հայաստանում ընտրական գործընթացների և ընտրատեղամասերի մատչելիության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությամբ ընտրական տեղեկատվության և ընտրատեղամասերի մատչելիության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը։

Համաժողովին մասնակցում էին ընտրական մարմինների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ, կիբերանվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Microsoft, Google, Amazon, Smartmatic, NaviLens և Pakflatt ընկերությունների ներկայացուցիչներ։
Կարևոր հանդիպում տեղի ունեցավ նաև Smartmatic ընկերության ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ այս ընկերության սարքավորումներն օգտագործվում են Հայաստանում ընտրողների նույնականացման գործընթացում։ Այժմ Smartmatic-ը մշակել է նոր մատչելի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկել ինքնուրույն, գաղտնի և արժանապատիվ կերպով։ Հույս ենք հայտնում, որ առաջիկա ընտրությունների համար Հայաստանը կդիտարկի այս տեխնոլոգիայի ներդրման հնարավորությունը։
Այցի շրջանակում իրականացվեց նաև ուսումնական այց Google-ի «Մատչելիության բացահայտումների կենտրոն» (Google Accessibility Discovery Center), որտեղ ներկայացվեցին թվային մատչելիության ոլորտում նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց անկախությանը և լիարժեք ներառմանը։

