Խմբային լուսանկար, ծրագրի մասնակիցների հետ

«Ագաթ» ՀԿ-ի նախագահը Սլովենիայում մասնակցել է «Անձնական օգնականի ծառայություն և ապաինստիտուցիոնալացում» թեմայով ուսումնական այցի

Հուլիսի 1–2-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը մասնակցել է «Անձնական օգնականի ծառայություն և ապաինստիտուցիոնալացում» թեմայով ուսումնական այցին։

Այցը կազմակերպվել էր Անկախ կյանքի եվրոպական ցանցի՝ ENIL-ի կողմից և հյուրընկալվել Հաշմանդամության տեսության և մշակույթի ասոցիացիայի՝ YHD-ի կողմից։ Այն իրականացվել է  PRIDE ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։

Երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Սլովենիայում անձնական օգնականի ծառայության զարգացման պատմությանը, գործող համակարգին, YHD-ի ծառայություններին։

Այցի կարևոր ուղերձներից մեկն այն էր, որ Անկախ կյանքի կենտրոնները պետք է ստեղծվեն, կառավարվեն և ղեկավարվեն հենց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից՝ գործելով «հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և նրանց համար» սկզբունքով։

Այցի ընթացքում ներկայացվել է Սլովենիայի անձնական օգնականի ծառայության փորձը, որի շրջանակում անհատական կարիքներից կախված՝ անձը կարող է ստանալ մինչև 24-ժամյա աջակցություն և օգտվել մեկից ավելի անձնական օգնականների ծառայություններից։

Դաշտային այցերի ընթացքում մասնակիցներն այցելել են անցումային բնակարաններ և համայնքում ինքնուրույն ապրող հաշմանդամություն ունեցող անձանց տներ։ Հատկապես տպավորիչ էր հանդիպումը Ալեքսանդրի հետ, որն ունի աջակցության զգալի կարիքներ, ապաինստիտուցիոնալացման գործընթացի շահառու է և այժմ ապրում է համայնքում՝ իր առօրյա աջակցությունը կազմակերպելով հինգ անձնական օգնականների միջոցով։

Սլովենիայում ստեղծվել է նաև ապաինստիտուցիոնալացման համակարգման մասնագիտացված կենտրոն։ Այցի ընթացքում հնչած կարևոր միտքն էր.

«Ապաինստիտուցիոնալացումը պետք է սկսել աջակցության զգալի կարիքներ ունեցող անձանցից, ոչ թե միայն ամենահեշտ դեպքերից։ Հակառակ դեպքում գործընթացը չափազանց կերկարի, և մենք գուցե երբեք չհասնենք նրանց, ովքեր փոփոխության ամենամեծ կարիքն ունեն»։

Ուսումնական այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համապատասխան անձնական օգնականի ծառայությունների և համայնքային աջակցության առկայության դեպքում նույնիսկ աջակցության բարձր կարիքներ ունեցող անձինք կարող են ապրել ինքնուրույն, կայացնել սեփական որոշումները և լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։