Հունիսի 15-17-ը Գյումրիում տեղի ունեցան «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի եռօրյա դասընթացները։
Դասընթացներին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հաշմանդամություն ունեցող 30 կանայք ու աղջիկներ։
Բացման խոսքով հանդես եկավ «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը, ով ողջունեց մասնակիցներին և կոչ արեց լինել ուժեղ ու ակտիվ։
Առաջին օրը դասընթացավարները ծանոթացան առաջնորդության հմտություններին և հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և
վերարտադրողական իրավունքներին։ Առողջ ապրելակերպի ու սննդի մասին քննարկում ունեցան ֆիթնես մարզչի հետ։
Օրը ամփոփեցին «Սև բերդ» ամրոցում՝ շրջայցով։
Երկրորդ օրը կանայք ու աղջիկները մասնակցեցին հաշմանդանություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ բռնության, ինքնապաշտպանության, բռնության ենթարկված անձանց աջակցության պետական ծրագրերի ու ժամանակի կառավարման վերաբերյալ դասընթացների ու շրջայց ունեցան մշակութային քաղաքում։
Հունիսի 17-ին մասնակիցները ոչ միայն ծանոթացան դասընթացների պլանավորման, գնահատման և վարման տեխնիկային, այլ նաև գործնականում կիրառեցին ստացած հմտությունները։
Դասընթացին հրավիրված էր նաև ՀՀ Թաեքվոնդոյի Շիրակի մարզի հիմնադիր նախագահ, ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզիչ, մարտարվեստների մասնագետ, մանկավարժ Արա Խաչատրյանը, ով գործնականում ցույց տվեց ինքնապաշտպանության հնարքներ։
Օրվա ավարտին մասնակցիները ստացան մասնակցության վկայականներ ու խոստացան իրենց համայնքներում ևս կազմակերպել նմանատիպ դասընթացներ։
Դասընթացների ու քաղաքում շրջայցի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ժեստերի լեզվի թարգմանությամբ։