Անկախ կյանքի կենտրոնների ծառայությունները հարմարեցվում են յուրաքանչյուր անհատի կարիքներին ու ցանկություններին։ Անկախ կյանքի կենտրոնները չեն տրամադրում վերականգնողական ծառայություններ, սակայն վերականգնողական կենտրոնների մասնագետների կողմից իրավունքահենք մոտեցումը ապահովելու համար համագործակցում են վերջիններիս հետ` վերապատրաստումների միջոցով։ Անկախ կյանքի կենտրոնի սպառող է համարվում հաշմանդամություն ունեցող ցանկացած անհատ` առանց տարիքային սահմանափակման, ով օգտվում է անկախ կյանքի ծառայություններից։ Կենտրոնը իշխանություն և լիազորություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց վերահսկելու կենտրոնի գործունեությունը, ինչը շատ հաճախ չի լինում վերկանգնողական և բժշկական ծառայություններ մատուցողների պարագայում։
Կենտրոնների հիմնական ծառայություններն են`
Տեղեկատվության և ուղղորդման ծառայություններ․
Այս ծառայությունը տրամադրում է մատչելի տեղեկատվություն և ուղղորդման ծառայություններ, որտեղ սպառողներին տրամադրվում են ճշգրիտ և օգտակար տեղեկատվության աղբյուրներ: Մասնագետները ոչ միայն տեղեկություններ են տրամադրում, այլ նաև հետևում են, որ սպառողները ստանան անհրաժեշտ ծառայությունները։
Փոխօգնություն․
Այս ծառայության շնորհիվ սպառողները սովորում են իրենց շահերը պաշտպանելու հմտություններ, իսկ հաշմանդամություն ունեցող փորձառու անձինք փոխանակում են իրենց փորձը։
Անկախ կյանքի հմտությունների ուսուցում․
Այս ծառայությունների շնորհիվ սպառողները ստանում են այնպիսի հմտություններ, որոնք նպաստում են նրանց անկախությանը, օրինակ՝ սննդի պատրաստում, բյուջեի կազմում, կենցաղի վարումը, ինչպես նաև ուսուցանելով աշխատանքային զբաղվածության հմտություններ։ Անհատական և համակարգային շահերի պաշտպանություն։ Անհատական շահերի պաշտպանությունը օգնում է սպառողներին հաղթահարել անկախության խոչընդոտները, իսկ համակարգերի շահերի պաշտպանությունը՝ օգնում է կառուցել ներառական և մատչելի Հայաստան, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և ներառմանը:
Ոչ հիմնական ծառայություններ․
Անկախ կյանքի կենտրոնների ոչ հիմնական ծառայությունները կարող են լինել ճկուն` կախված համայնքի կարիքներից (Օրինակ` հայերեն ժեստերի լեզվի թարգմանության ծառայություն)