Տևողություն՝ 2021թ․
DISENEX+East ծրագիրը նվիրված է Արևելյան գորընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանում և Գերմանիայում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը՝ նրանց սոցիալական ձեռնարկատիրության մեջ ներգրավելու միջոցով։
Ծրագրի ընթացքում վերոնշյալ երկրներում գործող թվով 7 հասարակական կազմակերպություններից բաղկացած թիմերը կպատրաստեն մոտիվացնող ֆիլմերի շարք, կընտրեն և կներկայացնեն սոցիալական ձեռնարկատիրության հմտություններ ուսուցանող դասընթացներ, ինչպես նաև կուսումնասիրեն սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ ազգային օրենսդրությունը։
Ծրագրի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն կհամագործակցի Կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիայի (INTAMT) հետ։ Կուսումնասիրվի գործընկեր երկրների լավագույն փորձը։
Ծրագրի հիմնական նպատակները
Ծրագրի հիմնական նպատակներն են․
1․ Հաշմանդամություն ունեցող անձանց ինքնազբաղվածության և սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում։
2․ Համապարփակ և բազմաֆունկցիոնալ առցանց գործիքի ստեղծում, որը կօգնի հաշմանդամություն ունեցող անձանց գտնել և օգտագործել սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորությունները։
3․ Աջակցություն որոշումներ կայացնողներին, որպեսզի վերջիններս լիարժեք պատկերացում կազմեն այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, ճանաչեն հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծարար և տնտեսական ներուժը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա և ապագայում մշակվելիք նոր ռազմավարությունները և քաղաքականությունը ներդնելիս որպես նպատակ ունենալ նաև հաշմանդամություն ունեցող անձանց հզորացումը։
Ծրագրային հիմնական գործողությունները
Ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ն
- կհավաքագրի հաջողության պատմություններ սոցիալական այնպիսի ձեռնարկատիրությունների վերաբերյալ, որոնք ղեկավարվում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և կընտրի մոտիվացնող ֆիլմի արտադրության համար առավել նպատակահարմար պատմությունները,
- կվերլուծի և կընտրի Հայաստանում առկա և հանրության համար հասանելի այն թվային կրթական ծրագրերը, որոնք ուսուցանում են սոցիալական ձեռնարկատիրություն,
- կվերլուծի երկրում գործող օրենսդրությունը և այն գործիքակազմը, որը նպատակաուղղված է սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանը, աջակցմանը և զարգացմանը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձնանց ինքնազբաղվածության ազգային և միջազգային ծրագրերը, որոնք առկա են Հայաստանում։
Համագործակցություն պատկան մարմինների հետ
Նախատեսվում է ծրագրային որոշակի գործողությունների իրականացման փուլում «Ագաթ» ՀԿ-ի համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և վերջինիս Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի հետ։
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- հաշմանդամություն ունեցող անձինք,
- գործատուները,
- հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ որոշում կայացնողները։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։