Տևողություն՝ Դեկտեմբերի 1, 2019 -Մայիսի 31 2020
Ծրագրի նպատակն է ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ` քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը:
Ծրագրի գործողություններ․
ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող ՍԵՊՊԱ («Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում») ծրագրի «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացնի տեղամասային կենտրոնների մատչելիության համապարփակ հետազոտություն և կաջակցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իր քաղաքականության իրազեկման ծրագրում` տեղական դիտորդական խմբերի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների համաձայն:
Ծրագրի շրջանակներում «Ագաթ»-ի և IFES-ի կողմից կմշակվի ընտատեղամասերի մատչելիության ստուգաթերթ: Նախատեսվում է հաշմանդամություն ունեցող և չունեցող 60 անձանց հավաքագրում` Հանրապետության բոլոր 2000 ընտրատեղամամսերի մատչելիության մշտադիտարկում և գնահատում իրականացնելու համար: Տեղի կունենան դասընթացներ, որոնց արդյունքում գնահատում իրականացնող անձինք կծանոթանան մատչելիության գնահատման չափանիշներին և ձեռք կբերեն գնահատման իրականացման համար անհրաժեշտ հմտություններ:
Նախատեսվող քարտեզագրման արդյունքում պարզ կդառնա, թե Հայաստանի բոլոր ընտրատեղամասերից որոնք են մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ընտրական գործընթացների մատչելիության ապահովմանն ուղղված առաջարկությունների փաթեթ կմշակվի, որը կուղարկվի Կառավարությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ծրագրի ավարտին կհրապարակվի զեկույց՝ ՀՀ բոլոր 2000 ընտրատեղամասերի մատչելիության վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ: