«Ագաթ» ՀԿ-ն ուրախությամբ հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի ԵՄ ընդլայնման և Արևելյան հարևանության ծրագրի ղեկավարին, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Կանանց հիմնադրամի (UN Women) ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված ծրագրերն ամփոփելու և ապագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հանդիպումը բացվեց ողջույնի խոսքով, որին հաջորդեց Կարինե Գրիգորյանի՝ «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահի կողմից կազմակերպության գործունեության ամփոփ ներկայացումը։ Նա ընդգծեց, որ ավելի քան 80 ծրագիր դրական ազդեցություն է ունեցել ավելի քան 10,000 աղջիկների և կանանց կյանքի վրա։
Լենա Կարլսոնը ներկայացրեց Եվրոպական միության գենդերային քաղաքականության հիմնական ուղենիշները և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ռազմավարությունը։
Գայանե Գրիգորյանը ներկայացրեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակում «Ագաթ»-ի կողմից իրականացված աշխատանքները՝ վերապատրաստումներից մինչև հոգեբանական խորհրդատվություններ ու ձեռագործության դասընթացներ։
Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Օլգա Օսալենկոն խոսեց ՀԿ-ների դերակատարության ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին։
Հանդիպման վերջին հատվածում մասնակիցները քննարկեցին հաջորդական քայլերը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող կանանց տնտեսական հզորացմանն ու հոգեկան առողջության աջակցության համակարգերի խորացմանը։