«Ագաթ» ՀԿ հայտարարությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա վերաբերյալ

root

«Ագաթ» ՀԿ-ի հայտարարությունը դեկտեմբերի 3-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա վերաբերյալ։

Հայտարարության մեջ ներկայացված է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններն ու հորդորը ուղված ՀՀ Կառավարությանը։

«Միասնական գործողություններ՝ հետամուտ լինելու և հասնելու Կայուն զարգացման նպատակներին հաշմանդամություն ունեցող անձանց համար, նրանց հետ և նրանց կողմից»։

1992 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ այս տարի վերը նշված կարգախոսով։

Կայուն զարգացման 17 նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, ապահովելու ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար, հասնելու գենդերային հավասարության, խթանելու համապարփակ և կայուն տնտեսական աճ, զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար, խթանելու նորարարությունը, քաղաքները դարձնելու ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։

Նպատակներին հասնելու վերջնաժամկետը 2030 թվականն է, հաշվի առնելով ներկայիս համաշխարհային ճգնաժամերը նպատակների իրագործումը վտանգված է։

2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 194,744 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից շատերը զրկված են կյանքի բոլոր ոլորտներում մասնակցություն ունենալու, որոշում կայացնելու, ընտրություն ու վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: Շատերը նույնիսկ համայնքում անկախ ապրելու հնարավորություն չունեն։

● Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կրկնակի խոցելի են՝ պայմանավորված սեռով և հաշմանդամությամբ, և ավելի շատ են կրթական համակարգից դուրս մնում, քան հաշմանդամություն ունեցող տղաները։

● Բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար։

● Գործազրկության մակարդակը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում շարունակում է մնալ չափազանց բարձր` հասնելով 92%-ի։

● Չնայած նորարարական տեխնոլոգիաների ստեղծման վերընթացին` հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար աջակցող տեխնոլոգիաները գրեթե բացակայում են։

● Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառումը, առաջնային կարիքների գնահատումն ու բավարարումը շարունակում է

խնդրահարույց մնալ՝ մասնավորապես մատչելի կացարանների, իրազեկման նյութերի տրամադրումը։

Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և պարտավորություն է ստանձնել ապահովել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։ Ըստ կոնվենցիայի 19-րդ հոդվածի` Հայաստանը ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու և ձայն ունենալու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկվում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելու, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում և քաղաքացիական կյանքում։

2021 թվականի մայիսին Ազգային Ժողովը ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար անկախ կյանք և պարտավորվում է ապահովել անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի համար անհրաժեշտ պայմաններ։ Չնայած վերոնշյալին, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են մնալ փակ խնամքի հաստատություններում և ենթարկվել բռնության, ապաինստիտուցիոնալիզացման գործընթացը ընթանում է շատ դանդաղ քայլերով,անկախ կյանքին և զորեղացմանը նպաստող համայնքային ծառայությունների համակարգ դեռևս չկա։

Այս ամենը հաշվի առնելով Հայաստանի կառավարությանն առաջարկում և հորդորում ենք համապատասխան քաղաքականություններ մշակելիս, իրականացնելիս, մշտադիտարկելիս, գնահատելիս և բոլոր օղակների որոշումների կայացման գործընթացներում խորհրդակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների հետ և ապահովել նրանց բովանդակալից մասնակցությունը։

Մենք ուրախ ենք անկախ կյանքի կենտրոնների հայաստանյան մոդելներից մեկը՝ «Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնելու և գործարկելու համար և շարունակում ենք ջանքեր գործադրել աջակցելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանը, նրանց նկատմամբ խտրականության վերացմանը և նրանց համար հավասար հնարավորություններ, մատչելիություն, ներառականություն և հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածություն ապահովելուն։