Տեխնիկական նվերների ձեռքբերման մրցույթ

Artur Harutyunyan

Առաջադրանքի պայմաններ

 ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Նպատակը

«Ագաթ» ՀԿ-ն հրավիրում է մատակարարներին մասնակցել մրցույթին՝ ներկայացնելու տեխնիկական նվերների տեսականու ցանկ և գնառաջարկ, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 3-ին կայանալիք մեդիա նյութերի մրցանակաբաշխության ժամանակ տեխնիկայի կամ նվեր քարտերի տեսքով տրամադրվելու է լրագրողներին և բլոգերներին։ Մրցույթի նպատակն է՝ ապահովել որակյալ և բազմազան տեխնիկական նվերներ՝ խթանելու լրագրողների և բլոգերների աշխատանքն ու ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց լուսաբանման մեջ:

Պահանջվող աշխատանքի շրջանակը

Մատակարարները պետք է ներկայացնեն՝

  1. Նվերների տեսականի, որոնք ներառում են՝
  • Տեխնոլոգիական սարքեր (նոթբուքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլն)
  • Գործիքներ բլոգերների աշխատանքի համար (տեսախցիկներ, լուսավորության սարքավորումներ և այլն)
  • Կոմպակտ և ոճային հուշանվերներ (USB ֆլեշ, ականջակալներ, պարկեր և այլն):
  1. Նվերների որակի և տեխնիկական բնութագրերի մանրամասն նկարագրություն:
  2. Առաջարկվող գները և պայմանները (ներառյալ՝ առաքման ժամկետները):

Արդյունքներ

Մրցույթի արդյունքում ակնկալվում է՝

  1. Հավաքագրել նվերների բազմազան և որակյալ տեսականի՝ լրագրողների և բլոգերների համար, որը կհամապատասխանի նրանց աշխատանքային կարիքներին:
  2. Տրամադրել նվերների ցանկ, որը կօգտագործվի 2024 թվականի դեկտեմբերի 3-ին կայանալիք մեդիա նյութերի մրցանակաբաշխության ժամանակ՝ խրախուսելով լրագորներին և բլոգերներին և բարձրացնելով նրանց ներգրավվածությունը:

Անհրաժեշտ գործողություններ

  1. Պատրաստել և ներկայացնել նվերների մանրամասն ցանկ՝ ներառյալ տեխնոլոգիական սարքերի և հուշանվերների նկարագրությունները:
  2. Ներկայացնել գնի առաջարկներ՝ հստակ նշելով առաքման պայմանները և ժամկետները:
  3. Կազմակերպել նվերների ստացման և ժամանակին առաքման գործընթացը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի:
  4. Տրամադրել նվերների որակի հավաստագրեր կամ համապատասխան այլ փաստաթղթեր (եթե պահանջվում է):
  5. Համագործակցել պատվիրատուի հետ՝ նվերների ընդունման, ստուգման և վերջնական հաստատման գործընթացներում:

Ծառայություն մատուցողի պարտականությունները

  • Մշակել և ներկայացնել նվերների ցանկ՝ համապատասխան ծրագրի պահանջներին և նշված չափորոշիչներին:
  • Ապահովել, որ առաջարկվող տեխնիկական սարքերը և հուշանվերները որակյալ և գործնական են:
  • Համակարգել առաջարկների ներկայացման և փաստաթղթերի տրամադրման գործընթացը ժամանակին:
  • Հասանելի դարձնել նվերները՝ ըստ պատվիրատուի հաստատած ժամանակացույցի:
  • Հաշվի առնել նվերների առաքման և ներկայացման բոլոր տեխնիկական և կազմակերպչական պահանջները:

Պատվիրատուի պարտականությունները։

Պատվիրատուի պարտականությունն է՝ մատակարարներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, ապահովել համագործակցության հստակությունը և ժամանակին իրականացնել վճարումները։

Անհրաժեշտ որակավորումներ և փորձառություն

Մատակարարները պետք է ունենան հետևյալ որակավորումները և փորձառությունը՝

  1. Փորձառություն տեխնոլոգիական սարքերի և հուշանվերների մատակարարման մեջ
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սարքավորումների և նվերների մատակարարման ոլորտում:
  1. Տրամադրված ապրանքների որակական չափանիշների ապահովում
  • Մատակարարվող տեխնոլոգիական սարքերը պետք է համապատասխանեն որակի չափանիշներին:
  • Նվերների տեսականին պետք է ընդգրկի բազմազան և գործնական սարքեր՝ համապատասխանի լրագրողների և բլոգերների կարիքներին:
  1. Հուսալիություն և պատասխանատվություն
  • Պարտականությունների ճշգրիտ և ժամանակին կատարում:
  • Առաքման ժամկետների պահպանման և որակի երաշխավորման պատրաստակամություն:
  1. Ֆինանսական և կազմակերպչական համապատասխանություն
  • Գործունեություն համաձայն ԵՄ ֆինանսավորման և մրցույթի շրջանակում ներկայացված պահանջների:
  • Փաստաթղթերի ժամանակին և պատշաճ ներկայացում:

Պահանջվող փաստաթղթեր

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել գնառաջարկ  լրացնելով կից հավելվածը  [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի  28-ը։

հավելված

Դիմումի գնահատման սկզբունքներ 

  1. Առաջարկի համապատասխանություն՝ տեխնիկական բնութագրերին և ծրագրի պահանջներին:
  2. Գնի և որակի հարաբերակցություն՝ հիմնավորված և մրցունակ գներ:
  3. Առաքման ժամկետներ՝ համապատասխան ծրագրի ժամանակացույցի՝ մինչև դեկտեմբերի 2-ը:
  4. Մատակարարի փորձառություն՝ ոլորտում մասնագիտական փորձ և վստահելիություն:
  5. Փաստաթղթերի ամբողջականություն՝ ճիշտ և ամբողջական ներկայացում:
  6. Հայաստանի տարբեր մարզերում մատակարարի մասնաճյուղերի առկայություն։

Հաղթողը կընտրվի գնահատող հանձնաժողովի կողմից վերը նշված չափանիշների հիման վրա։

Վճարում և ժամկետներ:

Ծառայության մատուցման սկիզբ։ Դեկտեմբերի 1, 2024։

Վճարումը կիրականացվի ծառայության մատուցումից հետո՝ համաձայն ստորագրված պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի:

Ծառայության մատուցման ավարտ։  Դեկտեմբերի 2, 2024:

Ծանուցում։ Կազմակերպությունը սույն ծրագրի շրջանակներում ազատված է և մատակարարին ազատում է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։