Առցանց կարողությունների զարգացման դասընթացների և խորհրդատվությունների մասնակցության հրավեր

Artur Harutyunyan

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Եվրոպական միության ֆիանանսական աջակցությամբ իրականացնում է «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը, որի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում «Ագաթ» ՀԿ-ն նախատեսում է կազմակերպել առցանց հանդիպումների շարք հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող եվրոպական առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև տեղեկատվության և գիտելիքի փոխանակման նպատակով։

Գործողության շրջանակներում պլանավորվում է

  • Երկու նախնական առցանց քննարկում-խորհրդատվություն՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կարիքները բացահայտելու նպատակով։ Հանդիպման ժամանակ նաև կներկայացվեն մի շարք ծրագրեր և ծառայություններ, որոնք հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան երկրներում և այդ ծառայությունների տրամադրման մոդելները։
  • Տեխնիկական աջակցության այց։ Երկու եվրոպացի փորձագետներ կայցելեն Հայաստան ՝ հանդիպելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների հետ և տրամադրելու տեխնիկական աջակցություն։
  • Ընթացիկ տեխնիկական աջակցություն-2024-2025 թվականների ընթացքում կկազմակերպվեն 12 տեխնիկական աջակցության առցանց հանդիպումներ (թեմաները կհստակեցվեն նախնական խորհրդակցությունների և տեխնիկական աջակցության այցելությունների արդյունքում)՝ հայաստանյան ՀԿ-ներին կառուցվածքային, շարունակական աջակցություն տրամադրելու, փորձի և քաղված դասերի փոխանակման նպատակով։

Եվրոպական փորձագետների կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության հանդիպումներին յուրաքանչուր կազմակերպությունից կարող են մասնակցել մեկից ավելի ներկայացուցիչներ։

Մասնակցության և գրանցվելու համար խնդրում ենք կազմակերպության բոլոր ներկայացուցիչներին լրացնել ձևաթուղթը մինչև հունիսի 15-ը։