2019 թվականին ընկերուհու հայտնած ծանր լուրը Մարիային վերադարձրեց մանկության ամենացավոտ կետին։ Ընկերուհին պատմել էր, որ քաղցկեղ ունի։ Այդ պահից Մարիան սկսել էր անդադար մտածել մահվան մասին, հաճախ լաց էր լինում և այլևս չէր տեսնում կյանքի իմաստը։ Սկզբում նա չէր հասկանում, թե ինչու է այդ լուրն այդքան ուժեղ ազդել իր հոգեվիճակի վրա։ Հետագայում գիտակցեց, որ ընկերուհու հիվանդությունն արթնացրել էր 11 տարեկանում ստացած տրավման․ Մարիայի մայրը նույնպես մահացել էր քաղցկեղից։
«Երբ մայրս մահացավ, ես ընդամենը 11 տարեկան էի։ Ոչ ոք ինձ չբացատրեց՝ ինչ է մահը, ինչու մայրս այլևս մեզ հետ չէ և չի վերադառնալու։ Ինձ հետ այդ մասին ոչ ոք չխոսեց։ Ես պարզապես մնացի մորս բացակայության և անհասկանալի զգացողությունների հետ։ Տարիներ անց ընկերուհուս հիվանդության մասին լուրն ասես նորից բացեց այդ վերքը»,— պատմում է Մարիան։
2019 թվականից հետո նա ընդունվել է Շվեդիայի համալսարան՝ մարդու իրավունքներ ուսումնասիրելու։ Նոր երկիրը, կրթությունն ու հեռանկարները, սակայն, չօգնեցին հաղթահարելու հոգեկան առողջության ճգնաժամը։ Ընդհակառակը՝ 2020 թվականին սկսված Արցախյան պատերազմն ավելի խորացրեց նրա ծանր ապրումները։ Մարիան հեռու էր Հայաստանից, իսկ պատերազմի մասին լուրերը նրան ստիպում էին անընդհատ մտածել մահվան և մարդկային կյանքի փխրունության մասին։ Նա իրեն անօգնական էր զգում և չէր կարողանում հասկանալ՝ ինչ նշանակություն ունի իր ուսումը կամ առհասարակ իր կյանքը, երբ հայրենիքում մարդիկ են զոհվում։
«Ես մարդու իրավունքներ էի սովորում, բայց անընդհատ մտածում էի՝ ի՞նչ իմաստ ունի այն, ինչ անում եմ, եթե չեմ կարող օգնել իմ հայրենակիցներին։ Այստեղ ես սովորում էի, իսկ այնտեղ զինվորներ էին զոհվում։ Ինձ թվում էր, որ իմ կյանքը որևէ նշանակություն չունի։ Պատերազմի և մահվան մասին մտքերն անընդհատ ուղեկցում էին ինձ»,— հիշում է նա։
Մարիայի հոգեվիճակի վրա ազդում էր նաև Շվեդիայի եղանակը։ Ցուրտ, մռայլ և արևազուրկ օրերն ավելի էին ուժեղացնում մեկուսացվածության ու դատարկության զգացումը։ Նա այլևս հաճույք չէր ստանում այն ամենից, ինչը նախկինում հետաքրքրում էր իրեն, քունը խանգարվել էր, իսկ սովորական առօրյա գործողությունները մեծ ջանք էին պահանջում։
«Օրեր էին լինում, երբ ամբողջ ժամանակ պառկած էի։ Չէի ցանկանում անկողնուց վեր կենալ, սենյակից դուրս գալ կամ որևէ բան անել։ Կյանքից հաճույք չէի ստանում, բայց անգամ այդ ժամանակ չէի ընդունում, որ խնդիր ունեմ և օգնության կարիք»,— ասում է Մարիան։
Շվեդիայում ուսանողները հնարավորություն ունեին անվճար հոգեբանական աջակցություն ստանալու։ Ծառայությունը հասանելի էր նաև Մարիային, սակայն նա երկար ժամանակ չէր դիմում։ Մի կողմից՝ ուժ չուներ այդ քայլն անելու, մյուս կողմից՝ համոզված էր, որ իր վիճակն այնքան ծանր չէ, և կան մարդիկ, որոնք իրենից ավելի շատ ունեն հոգեբանի կարիք։
«Մտածում էի՝ ուրիշներն ավելի վատ վիճակում են, նրանց խնդիրներն ավելի լուրջ են, իսկ ես իրավունք չունեմ զբաղեցնելու այն տեղը, որը կարող է ուրիշին պետք լինել։ Հիմա հասկանում եմ, որ մարդկանց խնդիրները համեմատելը սխալ է։ Եթե դու տառապում ես և այլևս չես կարողանում բնականոն ապրել, ուրեմն օգնության դիմելու լիարժեք իրավունք ունես»,— նշում է նա։
Ի վերջո Մարիան իր մեջ ուժ գտավ և դիմեց հոգեբանի։ Մասնագետի հետ աշխատանքը օգնեց հասկանալ, որ իր ապրումները պարզապես ժամանակավոր տխրություն կամ կամքի պակաս չեն։ Նա քրոնիկ դեպրեսիայի ախտանշաններ ուներ և հոգեբույժի աջակցության կարիք կար։ Հոգեբույժի դիմելու որոշումը հեշտ չէր։ Մարիան, ինչպես շատերը, մտավախություն ուներ, որ նշանակված դեղամիջոցներից կարող է կախվածություն ձեռք բերել։ Հոգեբուժական բուժման վերաբերյալ տարածված կարծրատիպերը երկար ժամանակ խանգարում էին նրան ընդունել մասնագիտական օգնության անհրաժեշտությունը։
«Շատ դժվար էր հասնել այն կետին, որ համաձայնեի հոգեբույժի դիմել։ Վախենում էի դեղերից, մտածում էի՝ գուցե կախվածություն առաջանա, գուցե այլևս չկարողանամ առանց դրանց ապրել։ Այդ վախերը հիմնականում գալիս էին մեր հասարակության մեջ տարածված կարծրատիպերից, ոչ թե մասնագիտական տեղեկությունից»,— ասում է Մարիան։
Ապաքինման ճանապարհը արագ ու հեշտ չէր, սակայն աստիճանաբար փոփոխություններն ակնհայտ դարձան։ 2023 թվականին Մարիան արդեն իրեն ավելի լավ էր զգում․ կարողանում էր վեր կենալ անկողնուց, դուրս գալ սենյակից ու տնից և վերադառնալ ակտիվ կյանքին։ Շուտով նաև աշխատանքի ընդունվեց։ Բուժմանը զուգահեռ՝ Մարիան սկսել է ինքնուրույն ուսումնասիրել հոգեբանություն։ Ասում է՝ Հայաստանում համապատասխան և վստահելի մասնագետ գտնելու վերաբերյալ ունեցած մտավախություններն իրեն դրդել են անգլերենով կարդալ արտասահմանյան մասնագիտական գրականություն։ Այդ կերպ նա փորձել է ավելի լավ հասկանալ սեփական հոգեվիճակը և գիտակցաբար մասնակցել ապաքինման գործընթացին։ Նրան հատկապես օգնել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին մասնագիտական գիրքը։ Դրա միջոցով Մարիան սկսել է հասկանալ մանկության կորստի, պատերազմի, մահվան վախի և ներկայիս ապրումների միջև կապը։
«Գրականությունն ինձ օգնեց հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Երբ կարողանում ես անուն տալ զգացողություններիդ և հասկանալ դրանց պատճառները, դրանք այլևս այնքան անհաղթահարելի չեն թվում։ Սակայն ինքնուրույն ուսումնասիրությունը չի կարող ամբողջությամբ փոխարինել մասնագետի օգնությանը։ Ինձ համար երկուսի համադրությունն էր կարևոր»,— ընդգծում է նա։
Այժմ Մարիան այլևս հոգեբույժի չի հաճախում, բայց շարունակում է աշխատել հոգեբանի հետ։ Նրա մասնագիտական կյանքը ևս նոր ուղղություն է ստացել։ Նա աշխատում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ում և կազմակերպում է բռնություն վերապրած անձանց փոխօգնության գործընթացին։ Փոխօգնության հանդիպումների ժամանակ նմանատիպ փորձառություն ունեցող մարդիկ հավաքվում են, պատմում իրենց ապրումների մասին, լսում միմյանց և փորձում ստեղծել մի միջավայր, որտեղ չկան մեղադրանք, դատապարտում կամ ամոթի զգացում։ Մարիան նույնպես կիսվում է սեփական պատմությամբ՝ ցույց տալով, որ հոգեկան առողջության ճգնաժամը հնարավոր է հաղթահարել, իսկ ապրած փորձառությունը կարող է դառնալ մեկ ուրիշին աջակցելու ուժ։ Նա կարևորում է փոխօգնության գաղափարի տարածումը Հայաստանում։
Հոգեկան առողջության խնդիրների դեպքում մարդիկ երբեմն դիմում են հոգեբանի կամ հոգեբույժի, բայց փոխօգնության խմբերը դեռևս այնքան էլ տարածված չեն։ Մասնագիտական օգնությունն ու փոխօգնությունը չեն փոխարինում միմյանց։ Փոխօգնության հիմքում նույնական կամ նման փորձառություն ունեցող մարդկանց միջև ձևավորվող վստահությունն է։ Մասնակիցները ոչ միայն ստանում են աջակցություն, այլև իրենց փորձառությամբ ուժ են տալիս մյուսներին։
«Երբ պատմում եմ իմ անցած ճանապարհի մասին, չեմ փորձում ներկայանալ որպես մեկը, որը բոլոր պատասխաններն ունի։ Ես պարզապես մարդ եմ, որը նույնպես անցել է ծանր շրջանի միջով։ Իմ պատմությամբ ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է օգնություն խնդրել, բուժում ստանալ և նորից վերադառնալ կյանք։ Երբեմն քո ապրած ցավը կարող է դառնալ ուրիշին հասկանալու և աջակցելու կարողություն»,— ասում է Մարիան։
Մանկության վիշտը, ընկերուհու հիվանդությունը, պատերազմը, օտար երկրում միայնության զգացումը և սեփական խնդիրն անտեսելը տարիներ շարունակ խորացրել էին Մարիայի հոգեկան առողջության ճգնաժամը։ Նրա ապաքինման ճանապարհը սկսվեց այն պահին, երբ նա դադարեց իր ցավը համեմատել ուրիշների ցավի հետ և ընդունեց, որ ինքն էլ օգնության կարիք ունի։
Այսօր Մարիան ոչ միայն շարունակում է հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին, այլև իր փորձառությունն օգտագործում է բռնություն վերապրած անձանց աջակցելու համար։ Նրա պատմությունը հիշեցնում է՝ սեփական դժվարությունը գիտակցելը, մասնագետի դիմելը և օգնություն ընդունելը թուլություն չեն։ Երբեմն դրանք կյանքին վերադառնալու առաջին ու ամենակարևոր քայլերն են։
Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։

