«Կողքից թվում էր՝ ամեն ինչ ունեի, բայց ապրելու ցանկություն չունեի»․ հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելի է

Գեղեցիկ տուն, ապահովված կյանք և ամուսին, որին բոլորը «լավ ու հոգատար» մարդ են համարել։ Այս պատմության մեջ չկան աղմկոտ վեճեր, ֆինանսական ճգնաժամեր կամ կենցաղային ծանր հոգսեր։ Սա մի կնոջ մասին է, որը հոգեկան առողջության լրջագույն խնդիրների առջև կանգնեց միայն մեկ պատճառով՝ իր կողքին ապրող մարդուց չէր ստանում այն հուզական ջերմությունը, որն անհրաժեշտ է մարդուն ապրելու և շնչելու համար։

Աննան (անունը փոխված է) մանկուց շատ զգացմունքային է եղել․ արտասվել է անգամ հնդկական ֆիլմեր դիտելիս։ Նա ամուսնացել է 19 տարեկանում։ Նորաստեղծ ընտանիքում ամեն ինչ կար՝ բացի ջերմությունից։ Ամուսինները տարբեր բնավորություն և սովորություններ ունեին։ Աննան ամեն օր ու ամեն պահի զգում էր ջերմության պակասը։ Դրան գումարվեց նաև անպտղության խնդիրը։ Առաջնեկը ծնվեց միայն ութ տարի անց, բայց իրավիճակը կրկին չփոխվեց։

«Առաջնեկիս ծնունդից հետո բոլորն արդեն սկսեցին երկրորդ երեխայից խոսել։ Քանի որ առաջնեկս ուշ էր ծնվել, որոշեցինք արտամարմնային բեղմնավորման՝ ԷԿՈ-ի միջոցով նաև երկրորդ երեխան ունենալ։ Սա, երևի, ամենաբարդ փուլն էր։ Չորս-հինգ անգամ հղիություն է գրանցվել, բայց պտղի սիրտը չի զարգացել։ Անգամ արտերկրի բժիշկների մոտ ենք եղել, բայց պատճառը չէին կարողանում բացահայտել։ Հենց այդ ժամանակ ամենից շատ զգացի ամուսնուս աջակցության կարիքը։ Ուզում էի, որ ուղղակի գրկեր ինձ և ցավն ինձ հետ կիսեր, բայց փոխարենը սառնություն ու լռություն էի ստանում։ Նա կողքիս էր, հոգում էր բոլոր ծախսերը, բայց հուզական կապ ու ջերմություն չկար։ Ես ինձ լիովին մենակ էի զգում»,— «Ինձ լսեք» նախագծի շրջանակում պատմում է Աննան։

Աննայի հոգեբանական լարվածությունը գագաթնակետին հասավ մի երազից հետո, որում նա իբր կորցնում էր առաջնեկին։ Մղձավանջից տագնապած՝ արթնացել է։ Այդ շրջանում Աննայի հույզերն արդեն անկառավարելի էին դարձել։ Ասում է՝ այս ամենը պայմանավորված էր նաև ավանդական ընտանիքներում ընդունված այն պատկերացմամբ, թե եթե ամուսինը չի ծեծում և ընտանիքը ֆինանսապես ապահովում է, ապա մնացած ամեն ինչ կինը պարզապես պետք է հանդուրժի։ Սակայն ինքն ամեն անգամ հարազատ ուս էր փնտրում լաց լինելու համար և ամեն օր ամուսնու փոխարեն բարձերն էր գրկում ու լաց լինում։

«Ես արդեն ինձ կորցրել էի։ Չէի ուզում արթնանալ, ոչինչ ինձ չէր հետաքրքրում։ Չէր հետաքրքրում՝ երեխաս կո՞ւշտ է, թե՞ սոված, տունը մաքո՞ւր է, թե՞ ոչ։ Հասկանո՞ւմ եք՝ այլևս ոչինչ չէի ուզում, միայն ուզում էի լաց լինել։ Վախենում էի, որ մահանալու եմ, բայց այդ պահին ինձ թվում էր, թե իմ միակ փրկությունը մահն է։ Սցենարներ էի մշակում, թե ինչպես կարելի է կյանքիս վերջ տալ։ Կողքից թվում էր՝ ամեն ինչ ունեի, բայց ապրելու ցանկություն չունեի։ Աղջիկս արդեն ութ-ինը տարեկան էր։ Մի օր ասաց՝ «Մա՛մ, քեզ վա՞տ ես զգում», և փաթաթվեց ինձ։ Հասկացա, որ կա՛մ պետք է հաղթեմ ու ապրեմ, կա՛մ մահանամ, բայց չգիտեի՝ ինչպե՞ս»,— հիշում է Աննան։ Իր ամենամեծ սխալը նա համարում է ժամանակին համապատասխան մասնագետի չդիմելը։

Աննան այցելել է քաղաքի հայտնի հոգեբանների, բայց այդպես էլ արդյունք չի ունեցել։ Ասում է՝ ամաչում էր հոգեբույժի դիմելուց, քանի որ դրան խանգարում էր այն կարծրատիպը, թե հոգեբույժի են դիմում միայն «գժերը»։ Հիշում է՝ 2020 թվականի պատերազմի օրերին դստեր հետ խանութի հերթում կանգնած ժամանակ կրկին վատ է զգացել։ Ականջներում խշշոց է լսել և իրավիճակը կառավարելու համար սկսել է բարձրաձայն երգել։ Մարդիկ տարօրինակ հայացքներով նայել են նրան, երեխան վախեցել է, բայց այդ պահին Աննան մտքերը շեղելու այլ միջոց չի գտել։

«Հենց այդ պահին հասկացա, որ վերջնականապես գժվում եմ։ Զանգեցի քեռակնոջս, որը ժամանակին նույնպես նման խնդիր էր ունեցել, և խնդրեցի օգնել։ Նա առաջարկեց գնալ հոգեսոմատիկ բաժանմունք։ Հիշում եմ՝ քայլում էինք այդ միջանցքով, իսկ ես սարսափում էի։ Մտածում էի՝ հոգեբուժարան եմ գնում, և ամեն լավ բան ավարտվել է։ Այդպես էի մտածում մինչև բժշկին հանդիպելը։ Բժիշկը կին էր։ Մի քանի հարցից հետո ասաց, որ սեռական կյանքի բացակայության խնդիր է տեսնում, և երկու լուծում կա՝ կա՛մ սիրեկան ունենալ, կա՛մ կոնյակ խմել։ Ես կարմրեցի։ Նա ասաց․ «Ինչը բնական է, բարոյական է․ դա օրգանիզմի պահանջն է»։ Հետագայում նրա հետ շատ մտերմացա։ Ասացի, որ ո՛չ սիրեկան եմ ուզում, ո՛չ կոնյակ։ Ուզում եմ բուժվել, որպեսզի կարողանամ երեխայիս մեծացնել և իմ խնդիրները նրան էլ չփոխանցել»,— հիշում է նա։

Հենց մասնագիտական օգնության դիմելու այս քայլն էլ փրկեց Աննայի կյանքը։

Աննան 12 օր հիվանդանոցային բուժում է ստացել՝ ընդունելով բժշկի նշանակած դեղամիջոցները։ Ասում է՝ ոչ մի վայրկյան չի զղջացել բուժման համար և չի կիսում այն պնդումները, թե հոգեբուժական դեղամիջոցներն անպայման բացասական հետևանքներ են ունենում։ Դեղորայքային բուժումից հետո Աննան ունեցել է լիովին առողջ երկրորդ երեխային։

«Հիվանդասենյակ եմ մտել վախեցած, բայց այնտեղ գտնվող՝ ինձ նման մարդիկ այնքան ջերմ ու հումորով ընդունեցին ինձ, որ առաջին իսկ պահից սառույցը կոտրվեց։ Բոլորս մտերմացել էինք։ Ամեն մեկն իր պատմությունն ուներ։ Մեկի տղան բանակում էր, և նրա խնդիրները սկսվել էին պատերազմի վախից։ Մյուսի դեպքում հարսն էր պատճառ դարձել։ Զավեշտալի դեպք էր․ հարսն ու տղան գիշերը գյուղից վերադարձել և արկղով նապաստակ էին տուն բերել։ Գիշերը ջուր խմելու գնացած սկեսուրը պատահաբար տեսել էր նապաստակին և վախից ուժեղ գոռացել։ Այդտեղից էլ խնդիրը սկսվել էր։ Կատակում էինք՝ ասելով․ «Հարսն եկավ, սկեսուրին գժանոց գցեց»։ Այնտեղ նաև մի 16-ամյա տղա կար։ Հայր չուներ, բակում ինչ-որ բան էին ասել, և սթրեսից նրա մոտ մարմնական ցավեր էին առաջացել։ Գիտե՞ք, բոլորս տարբեր մարդիկ էինք՝ տարբեր ճակատագրերով, բայց մեկ ընդհանուր խնդիր ունեինք, որը մեզ հարազատ էր դարձրել»,— հիշում է Աննան։

Այժմ նա արդեն հումորով է վերաբերվում այն պնդումներին, թե հոգեբույժի դիմելը, հոգեբուժական դեղամիջոցներ ընդունելը կամ բուժվելն ամոթ է։

Թեև ամուսինն ու ընտանիքը Աննայի կողքին էին, նրանք նույնպես կարծում էին, որ հոգեբույժի դիմելու փաստն ամոթալի է։ Մտավախություն ունեին, որ բարեկամները ճիշտ չեն հասկանա և սխալ կմեկնաբանեն։ Բացի այդ, վերջիններս կարող էին տալ ավանդական խորհուրդները՝ «վալերիանկա խմիր», «խորը շունչ քաշիր» կամ «փողերն անիմաստ քամուն մի՛ տվեք»։

«Դեղորայքային բուժումից հետո արդեն բավականին լավ էի զգում և վերականգնվել էի, բայց եղանակի փոփոխության կամ տարբեր իրավիճակների պատճառով երբեմն կրկին տհաճ զգացողություններ էի ունենում։ Որոշեցի նաև հոգեթերապևտի հետ մի քանի սեանս անցնել։ Կրկին բախտս բերեց, որ լավ մասնագետ գտա։ Նրա օգնությամբ բացահայտեցինք նաև իմ մանկական տրավմաները։ Երկրաշարժի, մութ ու դժվար տարիներին ծնողներս հազիվ կարողանում էին օրվա հացի խնդիրը լուծել, իսկ իմ բոլոր երազանքներն անկատար էին մնում»,— ասում է Աննան։

Հոգեկան առողջության խնդիրների դեպքում կարևոր է գիտակցել խնդիրը, ուղիղ նայել վախերի աչքերին և չառաջնորդվել հասարակության կարծրատիպերով։ Ժամանակին համապատասխան մասնագետի դիմելն էականորեն փոխում է իրավիճակը։ Հակառակ դեպքում հետևանքները կարող են ծանր լինել։ Բուժումից հետո Աննան նաև համարձակվեց երկրորդ երեխային լույս աշխարհ բերել։ Նրա երկրորդ երեխան այժմ ութ ամսական է։

«Ես կարծում եմ, որ նևրոզը կարող է երկար ուղեկցել մարդուն, և պետք է սովորել կառավարել այն։ Հիմա էլ երբեմն մղձավանջներ եմ տեսնում, բայց արթնանում ու ասում եմ՝ փա՜ռք Աստծու, ընդամենը մղձավանջ էր։ Մասնագետիս տված ոսկե կանոնով եմ ապրում և միշտ կրկնում եմ՝ ապրել այստեղ և հիմա, որովհետև չգիտենք, թե վաղն ինչ կլինի։ Համացանցում փորձում եմ վատ լուրեր չկարդալ։ Մեր տանն էլ հիմնականում մուլտֆիլմեր են միացված։ Աղջկաս հետ հիմա անցումային շրջան է։ Երբեմն նա բարկացնում է ինձ, սիրտս սկսում է ծակել, ճնշումս տատանվում է, բայց փորձում եմ իրավիճակը բաց թողնել։ Եթե սովորես կառավարել հույզերդ, ճգնաժամը չի վերադառնա։ Հիմա ամեն ինչ վերահսկողության տակ եմ պահում և միշտ կրկնում եմ՝ ապրում եմ հենց հիմա և այստեղ»,— ասում է Աննան։

Հոգեկան առողջության խնդիրները դարձել են ժամանակակից աշխարհի «լուռ համաճարակը»․ շատերը պարզապես չեն գիտակցում, որ խնդիր ունեն, կամ ամաչում են խոսել դրա մասին։ Աննայի պատմությունը հիշեցնում է, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը։ Համապատասխան մասնագետի դիմելը, սեփական վիճակն ընդունելը և բուժման ճանապարհն անցնելը ոչ թե ամոթ է, այլ ուժի դրսևորում։

Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։