Այն պահին, երբ Ալլան պատրաստվում էր երկրորդ անգամ մայրանալ, իրականությունը մեկ վայրկյանում փլուզվեց։ Ամուսնու դավաճանության բացահայտումն ու դրան հաջորդած ամուսնալուծությունը դարձան պատճառ, որ ընտանիքի երկրորդ երեխան լույս աշխարհ չեկավ։
«Կյանքում երբեմն հարվածները գալիս են այնտեղից, որտեղից ամենաքիչն ես սպասում։ Սթրեսը, որն ապրում է կինը նման ճգնաժամի պահին, կարող է հասցնել հոգեկան առողջության լուրջ խանգարումների և ստիպել գնալ ծայրահեղ քայլերի», – «Ինձ լսեք» նախաձեռնության շրջանակում պատմում է Ալլան։
5 տարվա ամուսնության փլուզումը Ալլային հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց։ Նա գտնվում էր հուզական ծանր վիճակում. անդադար լաց էր լինում, ապրում վախերով ու իրականությունից հեռու պատրանքներով։ Նրա մտքում անընդհատ պատկերվում էին սարսափելի սցենարներ՝ առաջնեկին իրենից խլելու վերաբերյալ, ինչն էլ ավելի էր խորացնում շրջապատի հանդեպ ունեցած բացարձակ անվստահությունը։
Ալլան լիովին մենակ էր մնացել իր վախերի, կասկածների ու տրամադրության կտրուկ փոփոխությունների հետ։
«Ես Հայաստանում միայնակ էի, բոլոր հարազատներս ԱՄՆ-ում էին և իմ հոգեբանական վիճակն ինձ արդեն խելագարության էր հասցնում և հենց այդ ժամանակ դիմեցի հոգեթերապևտի օգնությանը, հակառակ դեպքում չգիտեմ, թե հիմա ինչ վիճակում կամ որտեղ կլինեի», – պատմում է նա։
Ալլայի մոտ նևրոսթենիա ախտորոշվեց, որը նշանակում է նյարդային համակարգի թուլություն կամ «նյարդային սպառվածություն»։ Այն դասվում է հոգեսոմատիկ խանգարումների շարքին։ Մասնագետին ժամանակին դիմելու շնորհիվ Ալլան այսօր միայնակ, բայց լիովին ապաքինված մեծացնում է իր երեխային։ Այս ծանր իրավիճակում Ալլային մեծապես օգնեց իր բժշկական կրթությունը. հենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նա կարողացավ զոհ չդառնալ հասարակական այն կարծրատիպին, թե հոգեբույժին կամ հոգեթերապևտին դիմելն ամոթ է։
«Մեր հասարակությունում հոգեբույժին դիմելու մշակույթ կամ պրակտիկա, ցավոք, չկա։ Այդ շրջանում ես ինքս էլ սարսափած էի։ Հիշում եմ՝ առաջին օրերին անընդհատ վախեցած հարցնում էի բժշկին․ «Գաղտնի է, չէ՞, մարդիկ չե՞ն իմանա»։ Մտածում էի՝ եթե իմանան, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեմ, կարող են դրա պատճառով ինձ դատի տալ ու երեխայիս խլել։ Դրանք իմ անհիմն վախերն էին, բայց մասնագետի ճիշտ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ շատ արագ կարգավորվեց», – ասում է 37-ամյա Ալլան։
6-ամսյա դեղորայքային բուժումն ու հոգեթերապիաները տվեցին ցանկալի արդյունք։ Նաև հոգեթերապևտի ճիշտ աշխատանքն էր կարևոր։ Ալլան ցանկացած պահի, ցանկացած տագնապի ու վախի դեպքում անմիջապես զանգահարում էր բժիշկին, ստանում հանգստացնող պատասխաններն ու ուղղորդումները, որից հետո ներաշխարհը հանդարտվում էր։
«Ամուսնալուծությունից հետո երեխային տեսակցելու հնարավորություն ուներ հայրը։ Տանում էր իրենց տուն և ես տագնապում էի, քանի որ սթրեսային իրավիճակը նաև նրա հարազատների վրա էր ազդել։ Իրենք վատ մարդիկ չէին, բայց այդ ամենի ֆոնին ինձ նաև սպառնում էին դատի տալ, եթե Ամերիկա գնամ։ Ցանկացած նման պարագայում ես անմիջապես բժիշկի հետ էի կապ հաստատում, որ տագնապային վիճակը հանգստանա և սխալ քայլեր չանեմ», – պատմում է նա։
Նևրոզներն ու հոգեկան առողջության խնդիրներն ամբողջ աշխարհում են տարածված, սակայն հայաստանյան իրականությունում մարդիկ դեռ շարունակում են ամաչել դրանցից, թաքցնել և հույսը դնել ինքնաբուժման վրա։ Մինչդեռ մասնագիտորեն ապացուցված է, որ սա նյարդային համակարգի խանգարում է, որը պահանջում է համապատասխան բուժում։ Հաճախ հիվանդները սխալմամբ կենտրոնանում են միայն ֆիզիոլոգիական ախտանիշների՝ սրտխփոցի կամ ձեռքերի դողի վրա՝ չգիտակցելով, որ պատճառը հոգեբանական է։ Այսօր նման խնդիրներն էլ ավելի են շատացել։
«Իմ շրջապատում էլ կան մարդիկ, որ չեն գիտակցում լրջությունն ու հնարավոր հետևանքները։ Յուրաքանչյուրս էլ ամեն օր բախվում ենք հուզական ճգնաժամերի, բայց հատկապես հոգեբանական բռնության ենթարկված անձինք ունեն հոգեթերապևտի աջակցության կարիքը, հակառակ դեպքում աստիճանաբար առաջանում են խորը անձնային խանգարումներ», – ասում է Ալլան ու լրջութունը պատկերացնելու համար ավելացնում, որ երեխան սկսել էր հաճախակի հիվանդանալ, ինչը, ինչպես հետո պարզվեց, դասական հոգեսոմատիկայի դրսևորում էր։
Բժշկագիտությունն ապացուցում է, որ երեք տարեկան երեխաները էմոցիոնալ առումով դեռևս անքակտելիորեն կապված են մոր հետ և սպունգի պես կլանում են ընտանիքում տիրող հոգեբանական մթնոլորտը։ Երբ ծնողն ապրում է տագնապ, վախ կամ խորը դեպրեսիա, երեխան, չկարողանալով խոսքով արտահայտել իր ներքին սթրեսը, սկսում է արձագանքել մարմնով։
«Հարազատներիս մոտ ԱՄՆ տեղափոխվել չէի կարողանում, որովհետև և՛ վիզայի խնդիր կար և՛ վախեր ունեի, բայց մասնագետն ինձ բացատրեց, որ որևէ մեկն ինձ վնասել կամ երեխային խլել չի կարող և ես երեխայիս հետ Ռուսաստանի դաշնություն տեղափոխվեցի, որ հեռանամ այդ իրականությունից։ Այսօր երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ բարդ ճանապարհով եմ անցել ու ինչ հետևանքներ կլինեին, եթե ժամանակին ճիշտ քայլեր չձեռնարկեի։ Այսօր հոգեպես այնքան կայուն եմ, որ երեխային ինքս եմ տանում տատիկ-պապիկին այցելության, քանի որ միակ թոռնիկն է», – պատմում է Ալլան։
Հիմա նա ապրում է լիարժեք կյանքով ու ինքնաբավ։ ՌԴ-ում բուժական մերսում է անում,իր փոքրիկ տարածքն է վարձակալել։ Ապահովում է իր ու երեխայի բարեկեցիկ կյանքը։ Ճիշտ և ժամանակին ցուցաբերված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև միջավայրի ընդունումը թույլ են տալիս հաղթահարել ճգնաժամը։ Ալլայի պատմությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են և պետք է ապրեն լիարժեք կյանքով, հաջողության հասնեն ու լիովին ներառվեն հասարակությանը։
Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։

