«Ոչ միայն ոտքի կանգնեցի, այլ 2 հրաշք տղաների մայր դարձա»․ լիարժեք կյանքը հոգեկան առողջության խնդրի հետ համատեղելի են

Շրջապատի մարդկանց կարծրատիպային վերաբերմունքն ու ներքին տագնապները երիտասարդ աղջկա համար կարող էին անդառնալի հետևանքներ ունենալ։ 20-ամյա Արմինեն (անունը փոխված է) իրեն ցած նետեց 5-րդ հարկի պատուհանից, որովհետև հավատացել էր, որ հոգեկան առողջության խնդիրը հաղթահարել չի կարողանալու ու շրջապատի կողմից չի ընդունվելու։
«Երիտասարդ էի շատ ու իմ մեջ մտցրել էի, որ ես հոգեկան հիվանդ եմ, ինչպես ասում էին մարդիկ և դա բուժում չունի ու ես չէի ուզում ապրել, մոտիվացիա չունեի ապրելու», – «Ինձ Լսեք» նախաձեռնության շրջանակում պատմում է այսօր արդեն 45-ամյա կայացած ու սիրված ընտանիքի մայրը՝ Արմինեն։

Ինքնասպանության փորձից հետո հաջողվեց փրկել Արմինեի կյանքը, բայց վնասվածքները շատ էին։ Կյանքի երկրորդ հնարավորություն ստացած աղջնակի համար երազանք էր դարձել գոնե ինքնուրույն տեղաշարժվելը, բայց ինչպես ասում են՝ Աստծո պլաններն այլ էին։

«Ես ոչ միայն ոտքի կանգնեցի, այլև 2 հրաշք տղաների մայր դարձա։ Բոլորը ապշած էին, որ ես կարողացա ողնաշարի այդպիսի վնասվածքով երեխա ունենալ։ Թեպետ առաջին որդուս ծնունդից հետո ոտքս ամպուտացվեց, որովհետև վերքեր էին առաջանում ու ողնաշարից սնուցում չլինելու պատճառով չէին լավանում, բայց դա թող լինի իմ այս պատմության մեջ ամենամեծ կորուստը», – ասում է Արմինեն։

Արմինեն հոգեկան առողջության խնդիրներ ձեռք է բերել 18 տարեկանում։ Մոր հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո մայրն արագ պատշգամբ է գնացել ու Արմինեն մտածել է, որ մայրն ուզում է ցատկել պատշգամբից։ Ուժեղ վախից բռնել է մոր շորն ու թուլացել, առանց որևէ ձայն արտաբերելու։ Այդ օրվանից սկսվել են Արմինեի մղձավանջային օրերը։

«Մտքերս խառնվել էին իրար, իրականության խեղում էր սկսվել․ ամբողջ օրը բոլորի հետ կոնֆլիկտի մեջ էի, անքնություն էր, ուղեղս չէր անջատվում, սարսափելի ու տարօրինակ մտքեր ունեի, ասում էի՝ ես մեսիան եմ, պետքա փրկեմ աշխարհը, ես ինձ համարում էի գերբնական մարդ, որը կարող է աշխարհը փրկել ու նորից կառուցել։ Նույնիսկ ծեծում էի ծնողներիս, նեղացնում կույր հորս», – պատմում է նա։

Սկզբնական շրջանում մեղադրանքներն ու կշտամբանքը շատ էին, մինչև որ հոգեբույժը ախտորոշեց հոգեկան առողջության առկա խնդիրը։ Շրջապատում բոլորը չէին, որ ըմբռնումով մոտեցան, շատերը նույնիսկ հրաժարվեցին շարունակել շփումը, քանի որ կարծրատիպը, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն անբուժելի է կամ վտանգավոր, դեռ ապրում էր մարդկանց մեջ։

«Չէին հավատում մարդիկ, որ մինչ այդ որևէ խնդիր չունեցող, կարմիր դիպլոմով Բժշկական համալսարանն ավարտած աղջիկը կարող է խնդիր ունենալ։ Շրջապատից ու ընկերներից շատերը գնացին իմ կյանքից և միայն ընտրյալները մնացին իմ կողքին՝ նաև օգնելով դուրս գալ բարդ իրավիճակից։ Իսկ իրականությունը մեկն է, հոգեկան առողջությունը անբուժելի հիվանդություն չէ, ինչպես շաքարային դիաբետը, սրտային կամ ցանկացած այլ հիվանդություն, իմ դեպքում էլ ընդամենը մեկ դեղահաբն էլ կարող է լիովին կառավարելի դարձնել խնդիրը», – ասում է Արմինեն։

Արդեն 11 տարի է ռեմիսիայի փուլում է, որևէ կերպ խնդիրը չի դրսևորվում։ Իհարկե որոշակի ժամանակահատվածներում եղել են սրացումներ՝ դեղի ընդունումը դադարեցնելու հետևանքով։ 2 անգամ Արմինեն հիվանդանոց է պառկել՝ երեխաների ծնունդից հետո, քանի որ հղիության ժամանակ դեղորայքի ընդունումը չէր թույլատրվում, բայց կրկին կողքին գտնվող ըմբռնող ու սիրող ամուսնու օգնությամբ նաև այդ փուլն է հաղթահարել։

Արմինեն այսօր աշխատում է ճանաչված ընկերություններից մեկում, լավ աշխատանք ու լավ վարձատրություն ունի։ «Անցնելով բազմաթիվ բարդությունների միջով՝ այսօր վստահությամբ կարող եմ ասել, որ գտել եմ իմ խաղաղությունը. ունեմ սիրող ամուսին, լիարժեք ընտանիք, շրջապատում հարգված ու գնահատված եմ, որովհետև ես լիարժեք մարդ եմ», – եզրափակեց Արմինեն։

Հոգեկան առողջության խնդիրը ո՛չ թե պիտակ է, այլ պարզապես վիճակ, որը ցանկացած այլ խնդրի պես միայն պահանջում է պատասխանատու բուժում և հասարակական ըմբռնում։

Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։
Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։