Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների ապահովման առաջնահերթությունների փաստաթուղթ՝ ուղղված կուսակցություններին

Artur Harutyunyan

Սույն փաստաթուղթը մշակվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով ներկայացնել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առաջնահերթ խնդիրներն ու առաջարկվող լուծումները։

Փաստաթուղթը հասցեագրված է քաղաքական կուսակցություններին և դաշինքներին, որոնք առաջադրվել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին, և կոչ է անում նրանց՝ իրենց հետագա գործունեության ընթացքում ներառել ներկայացված առաջարկները։

Այն արտացոլում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հիմնարար իրավունքների ապահովման հիմնական խոչընդոտները, ինչպես նաև առաջարկում է հստակ, իրագործելի և իրավունքահեն լուծումներ, որոնց իրականացումը կարևոր է հավասարության, ներառման և արժանապատիվ կյանքի ապահովման համար։

Ակնկալում ենք, որ ընտրվելիք նոր խորհրդարանը և ձևավորվելիք կառավարությունը կցուցաբերեն քաղաքական կամք և կձեռնարկեն գործնական քայլեր՝ ներկայացված առաջարկների իրականացնելու ուղղությամբ։

Փաստաթուղթը բաց է միանալու համար և արդեն աջակցություն է ստացել մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։

Փաստաթղթին միացել է՝ 26 հասարակական կազմակերպություն։

Անկախ կյանքի իրավունք և համայնքային ծառայություններ

Երաշխավորել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների անկախ և արժանապատիվ կյանքի իրավունքը՝ ապահովելով նրանց ընտրության ազատությունը, թե որտեղ և ում հետ ապրել, և նրանց լիարժեք ներառումը համայնքային կյանքում։

Այս նպատակով անհրաժեշտ է զարգացնել համայնքային ծառայությունների համակարգ՝ աստիճանաբար հրաժարվելով ինստիտուցիոնալ խնամքի մոդելից։

Անձնական օգնականի ծառայությունը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման հիմնարար բաղադրիչ և պետք է երաշխավորվի բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց տարիքային կամ ժամանակային սահմանափակումների, ինչպես նաև առանց աշխատելու կամ կրթություն ստանալու նախապայմանի։

Անձնական օգնականի ընտրությունը իրականացվում է բացառապես հաշմանդամություն ունեցող անձի ազատ և ինքնուրույն կամարտահայտությամբ՝ առանց որևէ սահմանափակման՝ պայմանավորված որակավորված անձնական օգնականների ցուցակով։

Բարձրացնել անձնական օգնականի աշխատավարձը՝ ծառայության որակն ու կայունությունը ապահովելու համար։

Ներդնել համայնքային անկախ կյանքի կենտրոններ, որոնք կծառայեն որպես համակարգող և աջակցող հարթակներ՝ ապահովելով խորհրդատվություն, իրավական աջակցություն, անձնական օգնականի ծառայությունների կազմակերպում, հոգեսոցիալական աջակցություն և տնտեսական ակտիվության խթանումը։

Ապահովել ապաինստիտուցիոնալացման գործընթացի արագ և արդյունավետ իրականացում՝

  • կարճաժամկետ՝ իրականացնել անհատական կարիքների գնահատում և ապահովել անվտանգ տեղափոխում համայնք
  • երկարաժամկետ՝ ամբողջական անցում համայնքային ծառայությունների մոդելին և  կանխել նոր ինստիտուցիոնալացումը

Ապահովել կայուն և բավարար պետական ֆինանսավորում՝

  • ռեսուրսների վերաբաշխում՝ հաստատություններից դեպի համայնքային ծառայություններ
  • բազմամյա բյուջետավորում
  • մասնակցային և թափանցիկ մշտադիտարկում։

Անգործունակության ճանաչում և իրավունակություն
Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունակության լիարժեք ճանաչումն ու իրացումը՝ վերանայելով անգործունակության ճանաչման գործող համակարգը՝ այն համապատասխանեցնելով ՄԱԿ-ի Կոնվենցիայի պահանջներին։ Վերացնել լիակատար անգործունակության ինստիտուտը և ներդնել աջակցված որոշումների կայացման մեխանիզմներ՝ ապահովելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինքնուրույն կամ աջակցությամբ իրականացնել իրենց իրավունքները բոլոր ոլորտներում՝ ներառյալ առողջապահություն, ֆինանսներ, ընտանիք և արդարադատություն։

Կրթություն

  • Ձեռնարկել համակարգային քայլեր և սահմանել հստակ ժամանակացույց, գործողությունների և մոնիթորինգի պլան՝ ապահովելու բոլոր մակարդակներում ներառական և մատչելի կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
  • Ապահովել տեսողական, լսողական և բազմակի հաշմանդամություն ունեցող սովորողների լիարժեք ներգրավումը՝ տրամադրելով ժեստերի լեզվի թարգմանիչներ, աջակցող տեխնոլոգիաներ և այլ հարմարեցումներ։ Երաշխավորել խելամիտ հարմարեցումների տրամադրում բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտում և սահմանել արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ։
  • Ներդնել բավարար ֆինանսավորում՝ ապահովելու կրթության որակը, աջակցող սարքերի, մատչելի դասագրքերի և ուսումնական նյութերի հասանելիությունը։ Կազմակերպել կրթական համակարգի աշխատակիցների պարտադիր և շարունակական վերապատրաստումներ ներառական կրթության ոլորտում։
  • Ապահովել հաստատություններում ապրող երեխաների ներառական կրթությունը, սահմանափակել տնային ուսուցումը որպես բացառիկ և ժամանակավոր միջոց, ապահովել հաշմանդամություն ունեցող աղջիկների ներգրավումը հանրակրթական դպրոցներում և մասնագիտական կողմնորոշման ծրագրերում։

Զբաղվածություն

  • Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակական և արդյունավետ պետական զբաղվածության ծրագրերի իրականացում՝ բացառելով ընդհատումները և ապահովելով հավասար հնարավորություններ։
  • Ներդնել զբաղվածության քվոտայի համակարգ և զարգացնել զբաղվածության խթանման նպատակային ծրագրեր։
  • Ընդունել սոցիալական ձեռնարկատիրության մասին օրենսդրություն։
  • Խթանել հաշմանդամություն ունեցող կանանց ձեռնարկատիրությունը՝ տրամադրելով ցածր տոկոսադրույքով վարկեր, հարկային արտոնություններ և այլ աջակցության մեխանիզմներ։
  • Ապահովել աշխատատեղերի հարմարեցում և իրականացնել խելամիտ հարմարեցումների տրամադրման արդյունավետ վերահսկողություն։
  • Ապահովել, որ աշխատանքի որոնման հարթակները համապատասխանեն մատչելիության միջազգային չափանիշներին և ներդնել լիարժեք թվային, մատչելի զբաղվածության գործընթացներ՝ վերացնելով խոչընդոտները հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրողների համար։

Առողջապահություն և վերականգնողական ծառայություններ

  • Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես կանանց, ներառական, մատչելի և իրավունքահեն առողջապահական և վերականգնողական ծառայություններ։
  • Երաշխավորել սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիությունը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող և տեղահանված կանանց կարիքների առաջնահերթ ապահովումը։ Վերանայել ընտանիքի պլանավորման քաղաքականությունները՝ բարձրացնելով տարիքային սահմանները և ապահովելով հավասար հասանելիություն։
  • Վերազինել առողջապահական հաստատությունները մատչելի գույքով և սարքավորումներով։ Ներդնել բժիշկների և առողջապահական մասնագետների պարտադիր վերապատրաստումներ՝ ներառելով իրավունքահեն և անձակենտրոն մոտեցումներ, ինչպես նաև համապատասխան կրթական մոդուլներ մասնագիտական ուսումնական հաստատություններում։
  • Ընդլայնել վերականգնողական ծառայությունները՝ վերանայելով դրանց ծավալը, տևողությունը և հասանելիությունը։ Իրականացնել կարիքների համապարփակ գնահատում և ապահովել ծառայությունների հասանելիություն բոլոր մարզերում հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի անձանց համար (ֆիզիկական, տեսողական, լսողական, խոսքի, մտավոր, հոգեսոցիալական և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց)` բացառելով որևէ անձի դուրս մնալը։
  • Ներդնել և տեղայնացնել աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր։
  • Ընդլայնել պետպատվերով տրամադրվող դեղորայքի ցանկը և վերանայել ապահովագրական փաթեթները՝ բարձրացնելով դրանց հասանելիությունն ու արդյունավետությունը:

Բռնության կանխարգելում
Ապահովել համակարգային և արդյունավետ միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, պաշտպանության և վերականգնողական աջակցության համար։

  • Մշակել և իրականացնել կանխարգելիչ  ծրագրեր, որոնք մատչելի և հասանելի են բոլորին, ներառյալ ֆիզիկական, տեղեկատվական, թվային մատչելիություն։
  • Ստեղծել մշտադիտարկման և հաշվետվողականության համակարգ՝ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման, արձանագրման և ուսումնասիրման համար։
  • Ընդգրկել տվյալների հավաքագրում սեռի և հաշմանդամության տեսակով՝ քաղաքականություն մշակելու և ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար։

Մատչելիություն

  • Ապահովել մատչելիության իրավունքի լիարժեք իրականացումը՝ արդյունավետ վերահսկողության և մշտադիտարկման նպատակով ստեղծելով անկախ Մատչելիության հանձնաժողով՝ ձևավորված հաշմանդամություն ունեցող անկախ փորձագետներից, ինչպես նաև մատչելիության և ունիվերսալ դիզայնի, քաղաքաշինության և ճարտարապետության, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտի մասնագետներից։

Հանձնաժողովը իրականացնում է մատչելիության իրավունքի ապահովման անկախ մշտադիտարկում, գնահատում օրենսդրության և քաղաքականությունների համապատասխանությունը Կոնվենցիայի պահանջներին, վերահսկում մատչելիության ստանդարտների կիրառումը, ուսումնասիրում և ներկայացնում առաջարկություններ, քննում բողոքներ, հրապարակում զեկույցներ, մշակում և հաստատում մատչելիության ուղեցույցներ և չափորոշիչներ, ինչպես նաև խթանում իրազեկվածությունն ու կարողությունների զարգացումը մատչելիության ոլորտում։

  • Ներդնել և կիրառել մատչելիության և համընդհանուր դիզայնի սկզբունքները քաղաքաշինության, շինարարության, տրանսպորտի (ներառյալ միջքաղաքային), բանկային ծառայությունների (բանկեր, բանկոմատներ), տեղեկատվության և հաղորդակցության բոլոր ոլորտներում։
  • Ապահովել իրավական նորմերի կատարումը՝ սահմանելով պատասխանատվության հստակ մեխանիզմներ մատչելիության պահանջները խախտող սուբյեկտների համար և իրականացնել շարունակական վերահսկողություն։
  • Իրականացնել հանրային նշանակության շենքերի և կառույցների քարտեզագրում, սահմանել դրանց վերակառուցման հստակ ժամանակացույց և հրապարակել տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
  • Մշակել և իրականացնել մատչելիության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ հստակ ժամկետներով և բավարար ֆինանսավորմամբ՝ ապահովելով դրա իրականացումն ու մոնիտորինգը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների սերտ մասնակցությամբ։
  • Ներդնել մատչելիության և համընդհանուր դիզայնի կրթական մոդուլներ բարձրագույն կրթության համակարգում՝ ձևավորելով մասնագիտական կարողություններ և բարձրացնելով իրազեկվածությունը։

Արցախից բռնի տեղահանված կանանց իրավունքներ

Ապահովել Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության առաջնահերթություն՝ ընդգրկելով հետևյալ քայլերը.

  • Վերանայել բնակարանային ապահովման համար հատկացվող գումարը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անձի անհատական մատչելիության և հատուկ կարիքները։
  • Վերանայել տեղահանված անձանց աշխատաշուկայում ներգրավման զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված միջոցառումները և ներդնել նպատակային ծրագրեր՝ հատուկ հաշմանդամություն ունեցող տեղահանված կանանց ընդգրկմամբ, ներառյալ վերապատրաստումներ, աշխատավայրում մատչելիության ապահովում և անհրաժեշտ աջակցող ծառայություններ։
  • Մեկնարկել ծրագրեր Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց կողմից բիզնես հիմնելու համար՝ տրամադրելով ցածր տոկոսադրույքով կամ անտոկոս վարկեր, հարկային արտոնություններ և այլ աջակցության մեխանիզմներ՝ տնտեսական ինքնուրույնությունը խթանելու համար։
  • Ապահովել հոգեբանական աջակցություն՝ մատչելի, հասանելի, որակյալ և մշտական ծառայությունների միջոցով՝ հոգեբանական բարեկեցությունն ու ինքնավարությունը խթանելու համար։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Աուտիզմի ազգային հիմնադրամ»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

«Իմ ուղին» ցերեկային կենտրոն

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպություն

«Լիարժեք կյանք»  ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ 

«Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

«Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամ

Հայաստանի Բոչիայի ազգային ասոցիացիա

«Հայաստանի Խուլերի Միավորում» ՀԿ

«Հայկական Կարիաս» բարեգործական հասարակական կազմակերպությունում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ

«Հավասար» կրթական հիմնադրամ

«Հավատ» ՀԿ

«Հեշտ կյանք» ՀԿ

«Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպություն

Վորլդ Վիժն Հայաստան

«Ունիսոն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական ՀԿ

«ՖեմՖորվըրդ» ՀԿ

Սիփան Ասատրյան-Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ

Վահան Դիշլանյան- Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ

Նարե Ավդալյան- Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ