լուսանկարում ծրագրի բոլոր 20 մասնակիցներն են կանգնած, Կարինե Գրիգորյանը և unfp Armenia-ի ներկայացուցիչը

Հայաստանում առաջին «Հայրիկների ակումբը»՝ հաշմանդամություն ունեցող ներկա և ապագա հայրերի համար

լուսանկարում Էդմոն Չիլինգարյանն է, վկայականը ձեռքին, աջ կողմում կանգնած է Կարինե Գրիգորյանը, ձախում՝ UNFP Հայաստանի ներկայացուցիչը

«Երբեւէ նույնիսկ չեմ լսել, որ այսպիսի թեմայով դասընթաց եղել է, առաջինն էր սա, որ լսեցի եւ բախտ վիճակվեց մասնակցելու, հուսամ, որ ապագայում  այստեղ ստացած գիտելիքները պետք կգան կիրառելու համար»,- պատմում է Էդմոն Չիլինգարյանը։

24-ամյա Էդմոնը մեկն է այն 20 տղամարդկանցից, որ 2025թ․-ի դեկտեմբերի 8-10-ը մասնակցել ենԵվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԲՀ Հայաստանյան գրասենյակի և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված «Հայրիկների ակումբին»։

«Մեր ծրագիրը միանգամից երկու կարծրատիպերի է անդրադառնում, գենդերային և հաշմանդամության հիմքով խտրականությանը և կարծրատիպերի վերացմանը։ Հասարակության մեջ կան կարծրատիպեր, որ հաշմանդամություն ունեցող տղաների համար երեխա ունենալը և երեխայի մասին հոգ տանելը լրացուցիչ բեռ է և դժվարություն, սակայն մեր դասընթացով, մասնակիցների հաջողության պատմություններով և ոգևորությամբ կորտրում ենք այդ կարծրատիպը»,- ասաց «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը։

լուսնկարում 7 անձ է, հավաքված սեղանի շուրջ, մասնակիցներից մեկի դիմաց դրված է տիկնիկ, ցույց է տալիս, ինչպես կարելի է փոխել երեխայի տակդիրը

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրով Հայաստանի Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերում և Երևանում գործում են հայրիկների ակումբներ, սակայն հաշմանդամություն ունեցող տղամարդկանց համար սա առաջին ինտենսիվ դասընթացն էր։

«Մեզ համար առաջնային արժեք է հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի քաղաքականության հիմքում ներառականությունն է։ Այդ տեսանկյունից՝ հաշմանդամություն ունեցող ներկա և ապագա հայրիկների համար Հայրիկների ակումբ ունենալու գաղափարը լիովին համահունչ է մեր մանդատին։ Ներառական և հավասար հասարակություն կառուցելու համար յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մասնակցելու և զարգանալու հնարավորություն»,– ընդգծեց ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամում ծրագրի համակարգող, Գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը։

Դասընթացի ֆասիլիտատորներից Սիփան Ասատրյանը ևս ունի հաշմանդամություն և երկու աղջիկների հայր է։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում մտահոգություն են ունեցել մասնակիցների հավաքագրման, ինչպես նաև դասընթացի մոդուլի մատչելիության ապահովման վերաբերյալ։

լուսանկարում Սիփան Ասատրյանն է, դասընթաց է վարում,ձեռքին ունի սպտակ ձեռնափայտ և ականջակալներ

«Մեր ցուցիչներով և ակնկալիքներով բավականին արդյունավետ եղավ դասընթացը, դրա մասին են վկայում մասնակիցների անկեղծ պատմությունները, գործնական վարժություններին ակտիվ ներգրավումը և փոխօգնության ցանցի ստեղծման առաջարկը, որտեղ արդեն փորձառու հայրիկները հնարավորություն կունենան առցանց կիսվելու սեփական փորձով և խորհուրդներով»։

Մասնակիցներին դասընթացը նաև տարբեր աջակցող սարքեր ներկայացրեց ու տրամադրեց։

«Տնից դուրս գալու, երեխայի հետ զբոսնելու համար, երեխայի անվտանգությունը ապահովելու համար, նախ ինքներս պետք է անվտանգ լինենք, եթե մենք ինչ-որ խոչընդոտի հանդիպենք, հաստատ երեխայի համար էլ է սթրես լինելու։ Անվտանգության ապահովման համար քաղաքային միջավայրի մատչելիությանը զուգահեռ կարևոր են նաև աջակցող սարքերի կիրառությունը։ Դասընթացի ընթացքում ծանոթացանք դրանց, որոնք անպայման կկիրառեմ երեխաներին խնամելիս»,- ասաց դասընթացի մասնակից Պատվական Ռևազյանը։

Դասընթացի մասնակիցներից ամենակրտսերը՝ Աշոտ Թադևոսյանը մինչ ընտանիք կազմելը և գործնականում կիրառելը, ստացած գիտելիքները նախ ցանկանում է կիսել տարեկակիցների հետ։ Վստահ է՝ հասարակական կարծրատիպերը կարող են հաղթահարվել միայն դրանց մասին խոսելով։

«Ընտանիքը հասարակության և ազգի կարևոր բջիջն է, երբեմն հանդիպում ենք շատ ներգրավված հայրերի, սակայն այդ ամեն ինչը մնում է փակ շրջանակի մեջ։ Նրանք չեն խոսում բարեկամների, ընկերների հետ, չեն կիսվում փորձով, դրա համար էլ բջիջը չի տարածվում։ Ես պատրաստվում եմ խոսել և իմ համայնքում տարածել ստացած գիտելիքներս, քանի որ առանց շարունակականության նման դասընթացները չեն կարող երկարաժամկետ արդյունավետություն ունենալ»։

լուսանկարում 2 հոգի են նվագում են կիթառ և երգում նրանք հեռախոսով նկարում են

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տեսակետները։