Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2023թ․ վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում հաշվառված է 89,778 հաշմանդամություն ունեցող կին։ 2019թ․«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության համաձայն հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներն ավելի շատ են ենթարկվում բռնության, քան հաշմանդամություն չունեցող կանայք և հաշմանդամություն ունեցող տղամարդիկ։ Սակայն այս հանգամանքը հաճախ հասարակությունն անուշադրության է մատնում։
Մեր կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու իրավունքների պաշտպանությունը։
2024թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցելով ՕքսԵՋեն հիմնադրամի հետ իրականացրել է «Հզորացրու՛ կնոջը. կոտրելով արգելքները վերջ տանք բռնությանը» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում իրականացրել է բռնության իրազեկման և զորեղացման երկօրյա դասընթաց ՀՀ տարբեր մարզերի հաշմանդամություն ունեցող 25 կանանց համար և 5 վեբինար, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է միջինում 47 կին։
Ծրագրի շրջանակներում պատրաստվել է նաև ուղեցույց ծառայություններ մատուցողների համար։ Վերջիններիս համար հունվար ամսին նախատեսվում է իրականացնել դասընթաց, որի նպատակն է ներառական և իրավունքահենք ծառայությունների մատուցման բարելավումը։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համագործակցությամբ և «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիﬓադրաﬕ» ֆինանսավորմամբ Հայաստանի 8 մարզերում և Երևանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, բռնության կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ 10 դասընթաց իրականացվեց, որոնց մասնակցեցին 190-ից ավելի հաշմանդամություն ունեցող կանայք։
Նախքան դասընթացը կազմակերպությունը մշակել է «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» խորագրով տեղեկատվական ուղեցույց, որտեղ մանրամասն ներկայացվում է բռնության տեսակները, կանխարգելման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև այն կառույցների տվյալները, որոնց կարող են դիմել կանայք բռնության ենթարկվելու դեպքում։
Որպեսզի ուղեցույցը հասանելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերին,պատրաստվել է ուղեցույցի աուդիո տարբերակը՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց և հեշտ ընթերցվող տարբերակը մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։
Դասընթացներն արժեքավոր էին, ոչ միայն օրենքի փոփոխությունների իրազեկման, այլև բռնության դեպքերի բարձրաձայնման տեսանկյունից, որոնք հասցեական լուծումներ են ստացել։