«Թվային մասնագիտությունների զարգացման միջազգային տենդենցները և տեղական աշխատանքային շուկան» պանելային քննարկում

Դեկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Զբաղվածության փառատոն», որի շրջանակներում կազմակերպվեց նաև պանելային քննարկում՝ կրթական, պետական, բիզնես և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պանելային քննարկում իրականացվեց «Խոցելի խմբերի երիտասարդների թվային կարողունակությունների և կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում Վրաստանում, Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում «Ագաթ» ՀԿ կողմից։

Թվային գործիքները, արհեստական բանականությունը շատ արագ մուտք գործեցին աշխատավայր, զբաղվածություն չունեցողների բարձր մակարդակին զուգահեռ որոշ դեպքերում փոխարինեցին նաև աշխատակիցներին։

Խոցելի խմբերի՝ գյուղաբնակների, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականների զբաղվածության խնդիրը դարձել է մշտական։

Թվային մասնագիտությունների զարգացման միջազգային տենդենցների առաջացրած հնարավորությունների և ռիսկերի մասին խոսեց ՏՏ և մեդիա ոլորտի փորձագետ Արթուր Պապյանը՝ շեշտադնելով, որ նորություններին դիմակայելու համար հարկավոր է զարգացնել փափուկ հմտությունները, ինչպիսին են հաղորդակցությունը, ստեղծագործականությունը և արհեստական բանականությանը հստակ առաջադրանքներ տալու հնարավորությունները։

Ուսանողներին, այդ թվում խոցելի խմբերի երիտասարդներին հմտություններով զինելու գործը ուսումնական հաստատություններինն է։

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ամալյա Ադամյանը ասաց, որ քոլեջում սկսել են մասնագիտությունների վերանայման գործընթացը, իսկ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը ներկայացրեց նոր՝ «Ֆաբ Լաբ Հայաստան․ թեթև արդյունաբերության հզորացում թվային արտադրության միջոցով» ծրագրի մասին։

«Ֆաբ Լաբ Հայաստան․ թեթև արդյունաբերության հզորացում թվային արտադրության միջոցով» ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի, որի նպատակն է աջակցել կրթական հաստատություններին և շուկայի դերակատարներին՝ ստեղծելու ժամանակակից ուսուցմամբ և միջնորդական ծառայություններով թվային լաբորատորիա ուսանողների, թեթև արդյունաբերության ոլորտի աշխատողների և գործատուների համար:

Հաջորդ՝ «Նորագույն տեխնոլոգիաները աշխատավայրում՝ ռիսկեր և հնարավորություններ» թեմայով  պանելային քննարկումը սկսեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը, վերջինս շեշտադրեց նաև երիտասարդների մոտիվացիան, քանի որ հասարակ սմարթֆոններով հնարավոր է անվճար կրթվել և դառնալ պահանջված մասնագետ նաև միջազգային շուկայի համար, բայց երիտասարդները հեռախոսները օգտագործում են մեծամասամբ միայն սոցցանցերի համար։

Եթե Երևանում, Գյումրիում, Վանաձորում պետական ծրագրերին զուգահեռ կան նաև ՏՏ և հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են ոչ ֆորմալ կրթություն ապահովել, ապա նույնը չես կարող ասել սահմանամերձ գյուղերի համար։

Աշոտ Սաֆարյանը Երևանում ուսումը ավարտելուց հետո աշխատանքը չի շարունակել մայրաքաղաքում վերադարձել է ծննդավայր՝ Ոսկեվան և հիմնել «ԱՅԹԻ ՕԿ» կազմակերպությունը: Աշոտը ոչ միայն գյուղի երեխաներին սովորեցնում է, այլ նաև ապահովում աշխատանքով, բայց ասում է քիչ՝ հարկավոր են շատ սոցիալական պատասխանատվությամբ կազմակերպություններ և իհարկե պետական աջակցություն։

ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գայանե Գալոյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք այս պահին առկա են՝ հիմնականում տեղահանվածների համար, իսկ գյուղաբնակ և հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագրերը բավարար չեն։

Ամբողջ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող միայն 1 հոգի է աշխատանքի անցել պետական աջակցության ծրագրով։

Այս պահին e-draft հարթակում քննարկվում է ՀՀ 2024-2030թթ Զբաղվածության ռազմավարության նախագիծը, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցողների համար առանձին ծրագրեր նախատեսված չեն։