Տևողություն՝ 2017-18թթ
Ծրագրի նպատակ
Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառման օրինագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը։
Արդյունքներ
Ծրագրի շրջանակներում ձևավորվեց «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»: Այն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որի ձևավորման նպատակն է նպաստել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի չափանիշներին համապատասխան «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանն ու իրականացման մեխանիզմների մշակմանը:
Կոալիցիայում գործում են 4 հիմնական հանձնաժողովներ՝
- Մեդիա և հանրային կապեր,
- Համայնքի հետ կապերի հաստատում,
- Իրավական դաշտ և օրենքների նախագծում,
- Քաղաքական ջատագովություն:
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 12 հանդիպում 313 մասնակիցների հետ (հաշմանդամություն ունեցող անձինք, ՀԿ-ների, ներառական դպրոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ուսանողներ և շահագրհիռ այլ կողմերի մասնակցությամբ):
Հանդիպումներ և քննարկումներ անցկացվեցին ԱԺ պատգամավորների, կառավարության անդմաների հետ, նրանց ներկայացվեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկություններ:
ԱՄՆ Մոբիլիթի ինթերնեյշնլ կազմակերպության փորձագետ Ջոն Վոդիչի գլխավորությամբ հանդիպումներ անցկացվեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների,
Ազգային Ժողովի փոխխոսնակի խորհրդականի,
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, որոնց ընթացքում փորձագետը կիսվեց արտասահմանյան փորձով: Արդյունքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամության հիմնախնդիրներով զաբաղվող վարչության պետը և ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը խնդրեցին իրենց տրամադրել Ջոնի Վոդիչի կողմից մշակված առաջարկները:
Տեղի ունեցավ համաժողով՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման վերաբերյալ, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կառավարությունից, ԱԺ-ից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից:
Ծրագրի շրջանակներում հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է «Հարցազրույցներ ներառման մասին» և «Հաշմանդամությունը և մարդու իրավունքները» ձեռնարկները, պատրաստվել է դրանց աուդիոտարբերակը՝ տեղեկատվությունը հասանելի դարձնելով տեսողության խնդիր ունեցող անձանց համար, ինչպես նաև հաշմանդամության սոցիալական մոդելի, խտրականության, անկախ կյանքի և քաղաքական մասնակցության վերաբերյալ չորս տեսանյութ, ուղեցույցներ: