Տևողություն՝ Օգոստոս 2014-հունվար 2015
Ծրագրի նպատակ
Նպաստել քաղաքացիական կրթությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը Հայաստանի Հանրապետությունում:
«Ագաթ» Հաշմանդամություն ունեցող կանանց կենտրոն ՀԿ-ը կազմակերպել է դասընթացներ Շիրակի մարզի լրագրողների, լրատվական դաշտի աշխատողների (օպերատորներ, թղթակիցներ, գովազդային գործակալներ), Գյումրու Պետական Մանկավարժական իստիտուտի լրագրության բաժնի ուսանողների, ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրա, օպերատրություն և դերասանական արվեստ բաժինների ուսանողների և Գյումրի քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների համար: Դասընթացների նպատակն էր զարգացնել վերոնշյալ ոլորտի աշխատակիցների շփման և հաղորդակցման գիտելիքները, կարողություններն ու հմտությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելիս և հաղորդակցվելիս. օրինակ, ինչպես նախապատրաստվել և հարցազրույց վերցնել հաշմանդամություն ունեցող անձից, ինչպիսի տերմինաբանություն և ճիշտ հաղորդակցման լեզու օգտագործել՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց դիմելիս և նրանց մասին հաղորդաշարեր պատրաստելիս: Դասընթացները նաև միտված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը մեդիա ոլորտում և սոցիալական գովազդներում:
Դասընթացների թեմաներ
- Լրատվամիջոցների և սոցիալական գովազդների դերը հաշմանդամություն ունեցող անձանց ներառման գործում:
- Խորհուրդներ՝ տարբեր հաշմանդամություն ունեցող անձանցից հարցազրույց վերցնելու վերաբերյալ:
- Ճիշտ տերմինաբանության և հաղորդակցման լեզվի օգտագործումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց դիմելիս, նրանց մասին հաղորդաշարեր պատրաստելիս և լուսաբանելիս:
- Հաշմանդամությանը վերաբերող թեմաների և տերմինաբանության գիտելիքների ստուգման թեստեր և վիկտորինաներ:
Դասընթացի վերջում հայտարարվեց մրցույթ, որին կարողացան հայտեր ներկայացնել միայն դասընթացներին մասնակցություն ունեցած լրագրողները: Մրցույթը հաղթած լրագրողներին հնարավորություն ընձեռնվեց վճարովի հիմունքներով դասընթացներ անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ լրատվությունն ու հաշմանդամությունը թեմաներով:
Ծրագրի արդյունք
Ծրագրի շրջանակում տպագրվել և բաժանվել են ոլորտին վերաբերվող ուղեցույցներ, պաստառներ, օրացույցներ և թռուցիկներ: Ծրագրում ընդգրկված էին մոտ 100 շահառուներ:
Ծրագիրն իրականացվեց ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանության Ֆինանսական աջակցությամբ: