Լրատվամիջոցների ավելի քան 29 ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և լրագրության բաժնի ուսանողներ բարելավեցին գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ իրենց գիտելիքները «Հաշմանդամություն և մեդիա» պիլոտային դասընթացի ընթացքում: Դասընթացն անցկացվեց մայիսի 14-ին Գյումրիում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից` «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում:
«Դասընթացի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների կարողությունները, թե ինչպես ներկայացնել հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների լրատվամիջոցներում: Դասընթացն օգնեց մասնակիցներին բարելավել իրենց կարողությունները գենդերային և հաշմանդամության վերաբերյալ հարցերին անդրադառնալիս և հասկանալ հասարակության մեջ գենդերային և հաշմանդամության հիմքով կարծրատիպերի կոտրման կարևորությունը: Նման դասընթաց անցկացնելու ենք նաև Լոռու և Տավուշի մարզերում»,- նշում է «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:
«Այսօր մամուլում հաճախ են հանդիպում խտրական մոտեցումներով լուսաբանումներ: Նմանատիպ դասընթացին մասնակցությունը շատ կարևոր է: Թեմայի մասին ավելին սովորելով՝ մենք կկարողանանք ճիշտ հաղորդակցվել և աշխատել հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների հետ»,- ասում է Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանող Նիկոլ Մարգարյանը:
Պիլոտային դասընթացը կօգնի մշակել դասընթացի ավելի արդյունավետ մոդուլ: «Ոչ միայն գիտելիքի նախնական և հետդասընթացյա գնահատումներ են իրականացվել, այլև գնահատվել են դասընթացի տարբեր բաղադրիչները: Նախնական և հետդասընթացյա գնահատումների արդյունքում հավաքագրված և վերլուծված տեղեկատվությունը կօգտագործենք առաջիկա դասընթացներն ավելի արդյունավետ կերպով իրականացնելու համար»,- նշում է ծրագրի մոնիթորինգի և գնահատման պատասխանատու Ռոզա Ավագյանը: Վերջինս նաև ընդգծում է, որ պիլոտային դասընթացի մասնակիցների թիվն ավելին է, քան նախատեսում էին կազմակերպիչները. «Սա խոսում է թեմայի նկատմամբ գործող և ապագա լրագրողների հետաքրքրվածության մասին»,- ավելացնում է նա:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։