Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցավ «Ապահով տարածքների ստեղծում» ծրագրային գործողության հերթական հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։
Հանդիպումը կազմակերպվել էր «Կլիմայական արդարություն. հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները և մասնակցությունը»
թեմայով և նպատակ ուներ բարձրացնելու Շիրակի մարզում բնակվող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես կանանց, հոգեբանական բարեկեցությունը, իրազեկվածությունը և մասնակցությունը հասարակական գործընթացներին։
Հանդիպման փորձագետն էր «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը, ով մասնակիցներին ներկայացրեց կլիմայի փոփոխության և կլիմայական արդարության հիմնարար հասկացությունները, անդրադարձավ հաշմանդամություն ունեցող կանանց խոցելիության պատճառներին և կարևորեց նրանց իրավունքների ճանաչման և ակտիվ մասնակցության դերը որոշումների կայացման գործընթացներում։
Իր խոսքում փորձագետը մասնավորապես ընդգծեց․ «Կլիմայական արդարությունը չի կարող իրական լինել, եթե
հաշմանդամություն ունեցող կանայք դուրս են մնում տեղեկատվությունից, ծառայություններից և որոշումների կայացման գործընթացներից։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի՝ թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակներում»։
Զրույց-հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես են կլիմայական փոփոխությունները անհամաչափ կերպով ազդում խոցելի խմբերի,
մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կանանց վրա։
Քննարկումները ներառում էին Հայաստանից վերցված գործնական օրինակներ՝ ջրի պակաս, շոգ ամառներ, գյուղատնտեսական դժվարություններ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում տրանսպորտի, տեղեկատվության և առողջապահական ծառայությունների մատչելիության խնդիրները։
Հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ գենդերային անհավասարությունը, հաշմանդամության հետ կապված խոչընդոտները, աղքատությունը և սոցիալական մեկուսացումը է՛լ ավելի են խորացնում կլիմայական ճգնաժամերի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող կանանց կյանքի վրա։
Քննարկվեցին նաև տեղեկատվության մատչելիության խնդիրները՝ ժեստերի լեզվի, ենթագրերի և պարզ լեզվով հաղորդակցության բացակայությունը, ինչը կարող է հանգեցնել վտանգների մասին ուշ կամ ընդհանրապես չտեղեկացվելու։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան իրենց իրավունքներին՝ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի շրջանակում, մասնավորապես՝ մասնակցության, անվտանգության և տեղեկատվության մատչելիության իրավունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 11-րդ, 21-րդ և 29-րդ հոդվածներին։
Հանդիպման արդյունքում նկատվեց մասնակիցների ակտիվ ներգրավվածություն, հետաքրքրվածություն և թեմայի շուրջ բաց և վստահ քննարկում։ Մասնակիցները նշեցին, որ հանդիպումը նպաստեց իրենց գիտելիքների ընդլայնմանը, սեփական իրավունքների ճանաչմանը և հասարակական կյանքում իրենց ձայնն ավելի վստահ հնչեցնելու կարևորության գիտակցմանը։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և «Քըմիթ Գլոբըլ» կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի բարձրացման, խոցելիությունների հասցեագրման և նրանց համար նախատեսված ծառայությունների ու հնարավորությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվության ապահովման միջոցով։

