«Ագաթ» ՀԿ-ն մասնակցեց Վանաձորի EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի բացման առցանց միջոցառմանը

«Համայնքն ուժեղ է, եթե օգտագործում է հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջ ներուժը»,- նշեց «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր ղեկավար Կարինե Գրիգորյանը՝ Վանաձորի EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի բացման առցանց միջոցառմանը։
Հիշեցնենք, մեկ տարի առաջ հիմնադրվեց «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը, որի հաջող փորձի շարունակությունը դարձավ «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում ևս մեկ անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի հիմնադրումը՝ այս անգամ Վանաձորում՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի կողմից։ Վերջինիս ղեկավար Անուշ Ասլանյանը շնորհակալություն հայտնեց «Ագաթ» ՀԿ-ին՝ ի դեմս կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանին՝ ընդգծելով Վանաձորում բացված անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի կայացման գործում նրա աջակցությունը։
«Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը իր խոսքում ընդգծեց․ «Ծրագիրը մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր շահառուների, այլև մեր կազմակերպությունների ու աշխատակիցների համար, այս ծրագրի շնորհիվ մենք կանգնեցինք անկախ կյանքի փիլիսոփայությամբ և արժեհամակարգով աշխատելու ճանապարհին»։
«Ագաթ» և EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները հիմնադրվել են «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: