Ագաթ ՀԿ աշխատակազմն է կազմակերպության բակում՝ ներառականության պատի մոտ կանգնած

2025թվականը թվերով և արդյունքներով

Այս տարվա ընթացքում «Ագաթ» ՀԿ-ի գործունեությունը միավորել է շահերի պաշտպանությունը, կանանց և համայնքների զորեղացումը, ինչպես նաև պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարների կարողությունների զարգացումը՝ իրական փոփոխությունների հասնելու նպատակով։ Տարվա ընթացքում «Ագաթ» ՀԿ-ն շարունակել է ակտիվ մասնակցությունը օրենսդրական և քաղաքական գործընթացներին՝ ներկայացնելով բարեփոխումների առաջարկություններ և պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքները։

Մատչելիության և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ խորհրդատվությունները դարձել են մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Շահերի պաշտպանության կարևոր նախաձեռնություններից մեկը Գյումրի համայնքի 83 ընտրատեղամասերի դիտարկումն էր։ Արդյունքում կազմվել է մատչելի ընտրատեղամասերի քարտեզ, իրականացվել է իրազեկում և ներկայացվել են առաջարկություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նպաստելով ընտրական գործընթացների ավելի ներառական կազմակերպմանը։

Կարինե Գրիգորյանը Կվիննա Թիլ Կվիննա գործընկերների հետՏարին նշանավորվել է նաև միջազգային հարթակներում ակտիվ ներգրավվածությամբ։ «Ագաթ» ՀԿ-ն իր ներդրումն է ունեցել Kvinna till Kvinna կազմակերպության կողմից մշակված քաղաքական ամփոփագրում՝ «Հաշմանդամության իրավունքները գենդերային և Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի դիտանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով Հայաստանի համատեքստը և հատուկ ընդգծելով հաշմանդամություն ունեցող կանանց փորձառությունները։

Կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանը մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականության համաժողովին Վարշավայում և հանդես եկել որպես խոսնակ Kvinna till Kvinna-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառման ընթացքում՝ «Անտեսանելի ձայներ. հաշմանդամության իրավունքները Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի դիտանկյունից» թեմայով։ Սա համաժողովի շրջանակում միակ քննարկումն էր, որն ամբողջությամբ նվիրված էր հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին։ Ելույթում բարձրաձայնվել է խաղաղաշինության և մարդասիրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող կանանց համակարգային անտեսանելիության խնդիրը, ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց ձայները և հնչեցվել է ներառական մարդասիրական ու վերականգնման ծրագրերի ձևավորման կոչ։

Լուսանկարում Կարինե Գրիգորյանն է նստած է միկրոֆոնի առջև

Մարտ ամսին «Ագաթ» ՀԿ-ն մասնակցել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հետ խորհրդակցությանը՝ ներկայացնելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների խախտումների առանցքային խնդիրները։ Դրանք ներառել են գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման համակարգերի անմատչելիությունը, սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների լուրջ բացերը, առողջապահական ոլորտում խտրական վերաբերմունքը, տնտեսական բացառումը, զբաղվածության սահմանափակ հնարավորությունները և անկախ կյանքի ապահովման մեխանիզմների թերությունները։ Կոմիտեի կողմից հրապարակված հիմնախնդիրների ցանկը անդրադարձել է գրեթե բոլոր ներկայացված հարցերին։

Ստամբուլում կազմակերպված տարածաշրջանային խորհրդակցության ընթացքում «Ագաթ» ՀԿ-ն ներկայացրել է առաջարկներ ՄԱԿ-ի CEDAW կոմիտեի անդամներին՝ հաշմանդամության հիմքով խտրականության և գենդերային կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ։ Այս առաջարկները ներառվելու են Ընդհանուր մեկնաբանություն թիվ 41-ում, որը նախատեսվում է ընդունել 2026 թվականի վերջում։

Զորեղացում

դասընթացավարներից մեկն է դասընթացի ժամանակ, հետևում Ագաթի բաներն է և միացրած է տեսասահիկ

Տարվա ընթացքում «Ագաթ» ՀԿ-ն կենտրոնացել է հաշմանդամություն ունեցող կանանց տնտեսական, սոցիալական և անձնական զորեղացման վրա։

Կազմակերպությունը աշխատանքի է ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աջակցող անձի՝ նպաստելով ինչպես սոցիալական ինտեգրմանը, այնպես էլ կազմակերպության կարողությունների ուժեղացմանը։

Շարունակվել են կարուձևի և ձեռագործության դասընթացները, ինչպես նաև անկախ կյանքի ուսուցման ծրագրերը՝ մտավոր խնդիրներ ունեցող կանանց համար։

Կազմակերպվել է 10 վերապատրաստում հաշմանդամություն ունեցող և չունեցող կանանց մասնակցությամբ, որոնցից 5-ը որպես դասընթացավարներ իրականացրել են վերարտադրողական առողջության և բռնության կանխարգելման հանդիպումներ Շիրակի մարզի 11 գյուղական համայնքներում՝ ընդգրկելով շուրջ 150 հաշմանդամություն ունեցող կանանց և նրանց ընտանիքների կին անդամներին։

Այս տարվա պատմություններից մեկը Լուսյայինն է․ մասնակցելով ծրագրերին՝ նա այնքան է զորեղացել, որ համակարգել է երիտասարդական ծրագիր, դասավանդել լուսանկարչություն և կազմակերպել երկու ցուցահանդես՝ նվիրված քաղաքի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց պատկերման էթիկային։

5 հոգի են ծովի ափին, Հայաստանի դրոշով, նրանք Հունաստանում մասնակցել են երիտասարդական փոխանակման ծրագրիՏարիների դադարից հետո վերսկսվել է նաև երիտասարդական փոխանակման ծրագրերում ներգրավման աշխատանքները, փոխանկման ծրագիրը տեղի է ունեցել Հունաստանում։

Կարողությունների զարգացում․ համակարգերը փոխելու համար

Կազմակերպության մոնիթորինգի մասնագետ Ռոզա Ավագյանը իրականացրել է բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կանանց ծառայությունների մշտադիտարկում, իսկ Կարինե Գրիգորյանը մշակել է ուղեցույց ծառայություններ մատուցողների համար։ Աջակցման կենտրոնների աշխատակիցների համար կազմակերպվել է մեկօրյա վերապատրաստում, իսկ բժիշկների համար՝ երկօրյա դասընթաց վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ։

Եվրոպական անկախ կյանքի ցանցի հետ համագործակցությամբ կազմակերպվել են առցանց տեխնիկական աջակցության հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների համար։

Լուսնկարում կոնֆերանսի հաղորդավարն է կանգնած ամբիոնի մոտ, կողքին՝ ժեստերի լեզվի թարգմանիչն է, սեղանի դիմաց նստած են եվրոպական անկախ կյանքի ցանցի 3 ներկայացուցիչներըՀոկտեմբերին երեք միջազգային փորձագետ այցելել է Հայաստան՝ հանդիպումներ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և ոլորտային կազմակերպությունների հետ։ Արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ անձնական օգնականի ծառայության կարգում։ Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձի արտերկիր մեկնելու դեպքում պետությունը շարունակում է ապահովել անձնական օգնականի ծառայության ֆինանսավորումը՝ անկախ ուղևորության նպատակից։

Համայնք, մշակույթ և նոր սկիզբներ

Տարին նշանավորվել է նաև հանրային իրազեկման և մշակութային նախաձեռնություններով։ Կազմակերպվել է բռնության իրազեկման ակցիա, Գյումրիում ստեղծվել է ներառականության պատ՝ որպես հավասարության և բազմազանության հանրային ուղերձ։ Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային օրը, կազմակերպվել է ինտելեկտուալ մրցույթ՝ հիմնված «50 հաշմանդամություն ունեցող կանայք, որոնք փոխեցին աշխարհը» գրքի վրա։ Խաղին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք և Գյումրու տեխնիկական քոլեջի ուսանողները՝ ստեղծելով ներառական և համագործակցային միջավայր։

Տարին առաջին անգամ նշանավորվել է նաև «Հայրիկների ակումբ» նախաձեռնությամբ՝ուղղված ներգրավված հայրության, խնամքի և գենդերային հավասարության խթանմանը։

Առաջ նայելով

Այս տարվա փորձը կրկին հաստատեց, որ փոփոխությունները սկսվում են մարդկանց ձայներից և շարունակվում են համակարգային լուծումներով։ «Ագաթ» ՀԿ-ն շարունակելու է իր աշխատանքը՝ հանուն ներառական, արդար և հավասար հասարակության, որտեղ հաշմանդամություն ունեցող կանայք ոչ միայն շահառու են, այլ փոփոխությունների շարժիչ ուժ։