2015 թ.-ի հուլիսի 14-ին Գյումրիում բացվեց մարզում նմանը չունեցող ներառական խաղահրապարակ

2014 թ.-ի երկրորդ կիսամյակից «Ագաթ»  կենտրոնը նախաձեռնեց և իրականացրեց ներառական խաղահրապարակի կառուցման ծրագիրը` ֆինանսավորված Վիեննայում Միավորված Ազգերի Կանանց Գիլդիայի կողմից:

Ծրագիրը նպատակ ունի  ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների սահուն ու ներդաշնակ ինտեգրումն իրենց տարեկիցների հետ:
«Ագաթ»  ներառական խաղահրապարակը  նախագծվել և կառուցվել է Գյումրու Բաղրամյան փողոցի վերջնամասում: Գյումրու քաղաքապետարանը մեծ աջակցություն և ներդրում է ունեցել խաղահրապարակի տարածքի տրամադրման և բարեկարգման  գործում:
«Ագաթ»  ներառական խաղահրապարակը  տարբեր հարմարեցված խաղերի համալիր է և նախատեսված է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: Բոլորն էլ կարող են հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Այն յուրահատուկ է նրանով, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ կարողանում են անվտանգ, անվասայլակով բարձրանալ և մոտենալ խաղերին` առանց կողմնակի օգնության:

Այս հրաշալի խաղահրապարակի կառուցման համար իր մեծ ներդրումն է ունեցել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:
Խաղահրապարակի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ, ավագանու անդամներ, լրագրողներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահառուներ:
«Ագաթ»  ներառական խաղահրապարակը  առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և շփման հավասար հնարավորություններ կունենան: Այն եզակի է ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում: