«Ցայգ» հեռուստաընկերությունը և «Ագաթ» ՀԿ-ն ստորագրեցին հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների խթանման նպատակով

«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ն ստորագերցին փոխըմբռնման հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:Հուշագիրը ստորագրվեց  «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում:

Հուշագիրը ստորագրվեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի և «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի կողմից:

«Լինելով մարզային հեռուստաընկերություն՝ մենք բովանդակություն ենք պատրաստում և ներկայացնում հասարակության տարբեր՝ այդ թվում խոցելի խմբերի համար: Մեզ համար կարևոր է մեր լրագրողների գիտելիքների և հմտությունների զարգացումը՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ ճիշտ հաղորդակցվելու գործում»,- իր խոսքում նշեց Մ. Մինասյանը:

«Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսում ենք վերապատրաստել ԶԼՄ ներկայացուցիչների՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հետ աշխատելու և հաղորդակցվելու նրանց գիտելիքներիմ և հմտությունների զարգացման նպատակով, ինչպես նաև պատրաստել և հեռարձակել հեռուստահաղորդումներ՝ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների մասնակցությամբ»,- հայտնեց Գայանե Գրիգորյանը

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։