Սահմանադրական բարեփոխումների ներառականության հարցը կոալիցիայի օրակարգում է

Հունիսի 15-ին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի  անդամ «Լիարժեք կյանք» ՀԿ֊ի նախաձեռնությամբ կոալիցիայի անդամները հանդիպեցին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի և մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանի հետ։

Կոալիցիայի անդամները կարևորեցին սահմանադրական բարեփոխումներին վերաբերող գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ուղղակի մասնակցությունը և այդ փոփոխությունների արդյունքում մի փաստաթղթի ձևավորումը, որը կարտացոլի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների սկզբունքները։

Քննարկմանը Կոալիցիայի կողմից ներկայացվեցին ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդրահարույց դրույթները, որոնք չեն բխում մարդու իրավունքների մոտեցումներից։ Կոալիցիան արդեն ներկայացրել է իր հայեցակետային առաջարկները, որոնք կքննարկվեն խորհրդում և մասնագիտական հանձնաժողովում։

Երկուստեք ընդգծվեց համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։