Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ ՀՀ կառավարության որոշման նախագծին

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Առաջարկություններրի մեծ մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի։

Ամբողջությամբ ընդունված առաջարկներն են՝

  • ամբողջ ծրագրի վերանայման, նպատակների հստակեցման, յուրաքանչյուր նպատակին հասնելու գործողությունների ամբողջական ցանկի չափելի արդյունքներով և իրատեսական ժամկետների ընդգրկման ապահովում,
  • միջոցառումների ծրագրի և ծրագրի ժամանակացույցի բաղադրիչների չափելիության հստակեցում,
  • ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ հիմնադրամների ներգրավում,
  • ծրագրի նախագիծը լայնորեն և պրոակտիվ կերպով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ քննարկում։

Չեն ընդունվել հետևյալ առաջարկները

  • Առաջարկվել է որոշման 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը փոխարինել 2022 թ․ սեպտեմբերի 1-ով՝ հիմնավորելով, որ ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը արդեն իսկ ուշացած է, իսկ անձանց իրավունքները շարունակաբար խախտվում են, ինչպես նաև ըստ նախագծի ժամանակացույցի՝ ծրագրի առաջին հատվածում նախատեսվում են հետազոտական, նախապատրաստական աշխատանքներ։ Որպես հիմնավորում նշվել է նաև, որ համակարգի անպատրաստ լինելը չի կարող պատճառ հանդիսանալ և որ Կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի առնչությամբ։
  • Յուրաքանչյուր համայնքային փոքր տանը բնակվող անձանց թվի նվազեցում՝ սահմանելով 6-8 շահառու՝ ներկայիս 12 շահառուի փոխարեն, քանի որ 12 շահառուի գտնվելը մեկ տան մեջ առավել բարդացնում և հաճախ անհնար է դարձնում անձի իրավունքների լիարժեք ապահովումը։

Առաջարկներին և հիմնավորումներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Առաջարկները ներկայացվել են «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: