Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Կոտայքի մարզպետարանում

 2022թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ  Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպումը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուների  մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կոալիցիայի նպատակների և առաքելության ներկայացմամբ:

Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջաանակներում: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ողջունեց ներկաներին և կոալիցիայի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն հաստատելու պատրաստակամություն հայտնեց: Մարզպետարանի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին մարզում հաշմանդամություն ունեցող անձանց առաջնային, մասնավորապես՝ խնամակալությանը, հաշմանդամության սահմանմանը, ֆինանսական աջակցությանը, զբաղվածությանը, կրթության կազմակերպմանը, սոցիալիական և առողջապահական  ծառայություններին  վերաբերող խնդիրներ։

Կոալիցիայի ջատագովության հանձնաժողովի համակարգող Անուշ Ասլանյանը ներկայացրեց Կոալիցիայի կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար տարաբնույթ՝ այդ թվում փորձագիտական, իրավական և այլ ծառայություններ և ծրագրեր իրականացնելու մասին, ինչպես նաև հաստատեց Կոալիցիայի պատրաստակամությունը՝ հնարավորությունների սահմաններում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

Կոալիցիայի համայնքների հզորացման հանձնաժողովի համակարգող Հայկ Մկրտչյանը ներկայացրեց Կոալիցիայի կողմից իրականացվող հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովների, սպորտային միջոցառումների, իրավական աջակցության, տեղեկատվական նյութերի ստեղծման և այլ գործողությունների մասին՝ կարևորելով Կոտայքի մարզի բնակիչների ներգրավվածությունը  այդ ծրագրերում, իսկ կոալիցիայի անդամ, “Լռության ձայնը” ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց մարզում իրականցնել միջոցառում՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ։

Մարզպետարանի և Կոալիցիայի ներկայացուցիչները պայմանավորվեցին շարունակել  աշխատանքային կարգով  քննարկել հետագա համագործակցության մեխանիզմները։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: