Աշխատանքային ոտնահարված իրավունքներ. հայցվորը պնդում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկվելու պատճառով հեռացվել է աշխատանքից

Ամիսներ առաջ աշխատանքից ազատված Արմինե Ավետիսյանը (անունը փոփոխված է) դիմել է Կոալիցիային՝ իր աշխատանքային իրավունքները վերականգնելու խնդրանքով: Արմինեն, ով ունի երրորդ կարգի հաշմանդամություն (հենաշարժական խնդիր) ազատվել է երկարամյա աշխատանքից։ Արմինեն կարծում է, որ աշխատանքից նրա ազատումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա հաշմանդամությամբ, ինչը կարող է դժվարացնել նրա տեղաշարժումը, առավելեւս ոչ մատչելի, չհարմարեցված միջավայրում. «Այլ օբյեկտիվ պատճառ, որի հիման վրա ինձ աշխատանքից կհեռացնեին, ես չեմ տեսնում, հետևաբար ենթադրում եմ, որ պատճառն իմ հաշմանդամությունն է»,- նշում է նա:
Ըստ հայցվորի շահերը պաշտպանող իրավաբանի՝ Արմինեի գործատուն վերջինիս աշխատանքից ազատելու իր որոշումը հիմնավորել է նշելով, որ իրականացվում են կրճատումներ, որոնց արդյունքում ոչ միայն Արմինեն, այլև այլ աշխատակիցներ ևս ազատվելու են աշխատանքից, սակայն իրականում միայն Արմինեն է հեռացվել:
Դիմելով Կոալիցիային՝ Արմինեն հույս ունի դատական կարգով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Նրա աշխատանքային իրավունքների, խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանության եւ վերականգնման նպատակով իրավական աջակցությունը տրամադրվում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի և WISE փաստաբանական գրասենյակի համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը եւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքը արգելում են խտրականությունը աշխատանքային հարաբերություններում։ Ավելին, գործատուն պարտավոր է ապահովել համընդհանուր դիզայն եւ խելամիտ հարմարեցումներ, եւ վերացնել միջավայրային եւ վերաբերմունքային այն արգելքները, որոնք կարող են խոչըդնոտել հաշմանդամություն ունեցող անձին իր աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելուն։
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իրավաբանական օգնություն, ներառյալ դատարաններում պաշտպանություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց նրանց իրավունքների հնարավոր խախտումների դեպքերում։
Մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 09:00-ից մինչ 18։00-ն՝
զանգահարելով 094 043 142 հեռախոսահամարին (Whatsapp, Viber),
այլ ժամերի ևս հաղորդագրություն ուղարկելով նույն հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: