Անկախ կյանքի եվրոպական օրը Գյումրիում

Այսօր՝ մայիսի 5-ին, հաշմանդամություն ունեցող անձինք ողջ Եվրոպայում նշում են Անկախ կյանքի եվրոպական օրը: Օրվա կապակցությամբ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և շահառուները  Գյումրիի կենտրոնում անցկացրին իրազեկման ակցիա: Անցորդները տեղեկանում էին անկախ կյանքի և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի մասին, ստանում անկախ կյանքի գաղափարի, փիլիսոփայության և սկզբունքների վերաբերյալ կարգախոսներով մագնիսներ և կպչուն պիտակներ:

 Մոտ երկու տարի առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում Գյումրիում հիմնադրված «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց տրամադրում է տեղեկատվության և ուղղորդման, փոխօգնության ծառայություններ, ինչպես նաև հմտությունների ուսուցման և զորեղացման միջոցով խթանում է վերջիններիս անկախ կյանքի իրավունքը:

 «Անկախ կյանքի փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն հիմնարար մարդու իրավունքները, ինչ հաշմանդամություն չունեցող անձինք: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն իրենց ընտանիքներում մեծանալու, իրենց համայնքում գործող դպրոցը հաճախելու, հանրային տրանսպորտից օգտվելու, կրթվելու, իրենց հետաքրքրություններին համահունչ մասնագիտութուն ընտրելու, աշխատելու և համայնքային կյանքին մասնակցելու իրավունք՝ բոլորի հետ հավասար հիմունքներով»,- նշում է «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանը:

 Իրազեկման ակցիայի մասնակիցները նշում են՝ օրը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների  մասին․ «Անցորդներին անկախ կյանքի գաղափարախոսությունը ներկայացնելով՝ մենք փորձում ենք հաշմանդամության վերաբերյալ ճիշտ պատկերացում ձևավորել, բացատրել, որ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե խնամքի և հոգատարության կարիք ունեն, ում փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, այլ հասարակության լիիրավ անդամներ են»,֊ նշում է ակցիայի մասնակից, «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու Հռիփսիմե Հակոբյանը:

 

«Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: