Մայիսի 19-ին ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվեց «Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ որոշման նախագիծը, որն ընդգրկում է նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկները:
Կոալիցիայի կողմից մի շարք առաջակներ են ներկայացվել նախագծում առկա կարծրատիպային եւ ոչ հստակ մոտեցումների և ձևակերպումների վերաբերյալ, որոնք
-ոչ իրավաչափ կերպով սահմանափակում են հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության չենթարկվելու, ընտանիքի և վերարտադրողական իրավունքները,
-հիմնված են կարծրատիպային մոտեցումների և հաշմանդամության բժշկական մոդելի վրա,
-պարունակում են հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանի խորացման, կոռուպցիոն և ինքնիրավչության վտանգներ։
Ընդունված առաջարկները վերաբերում են.
- փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատանքները հասարակական հիմունքներով կազմակերպելուն,
- դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական տեղեկությունների լրացման կամ առկա թերությունների ուղղման կարգի ներմուծմանը,
- դեպքերը հանձնաժողովի նիստերին քննարկելու կարգին, մասնավորապես դեպքը հանձնաժողովի նախագահին առաջիկա նիստին քննարկման ուղարկելու կատարման համար ժամկետի սահմանմանը,
- Հանձնաժողովի բացասական եզրակացության կայացման չափանիշների հստակ սահմանմանը՝ խտրականության հնարավոր դրսևորումներից խուսափելու նպատակով,
- Հանձնաժողովի բացասական եզրակացության և մերժման որոշման պատճառաբանված հիմնավորումներին,
- հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացողի դիմողին Հանձնաժողովի նիստի անցկացման վերբերյալ տեղեկացման կարգի սահմանմանը,
- նախագծով Հանձնաժողովի որոշումների բողոքարկման ընթացակարգի սահմանմանը:
Հավելենք, որ չեն ընդունվել հետևյալ առաջարկները՝
- Հանձնաժողովի գործունեության սկզբունքները և անդամներին ներկայացվող անձնային որակները ու մասնագիտական պահանջները ևՀանձնաժողովի գործունեության սկզբունքները, այդ թվում նաև անձանց տվյալների պաշտպանության կարգը սահմանելը։
- Հանձնաժողովի նախագահի որոշմամբ դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի մասին լրացուցիչ կարծիք ստանալու կամ իսկությունը ճշտելու նպատակով դրանք համապատասխան գերատեսչություն ուղարկելուց առաջ այն անձի համաձայնությունը ստանալը, ում վերաբերյալ հայցվելու է համապատասխան տեղեկությունը։
- Խտրականության և կոռուպցիոն ռիսկերի դրսևորման հնարավորությունները բացառելու նպատակով հստակ չափանիշներ սահմանելը, որոնք հաշվի կառնվեն անձի բնութագիր կազմելիս: Այս դրույթը թույլ կտար անձին խտրականության չենթարկել, իսկ Հանձնաժողովի եզրակացությունը կհիմնվեր անձի հատկանիշների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության վրա:
- Հոգեկան առողջության հիմքով անձի խտրականության ենթարկվելը բացառող դրույթը:
Առաջարկները ներկայացվել են «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: