Այսօր՝ հունիսի 12-ին Երեւանում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի շրջանակներում մեր նպատակն է անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամության իրավունքահենք մոտեցման տարածմանը՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց ներառմանը»,- նշում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:
«Փրկություն» ՀԿ-ի մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Ասում են՝ իրենց աշխատանքներում ներկայացրել են իրենց զգացողություններն ու մտքերը:
«Այս ցուցահանդեսի միջոցով մենք ցանկանում ենք հանրությանը իրազեկել մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, կարողությունների և հնարավորությունների մասին։ Ներկայացված աշխատանքները մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ստեղծագործական երևակայության, աշխատանքային ներուժի, անկախ կյանքի ձգտման արտացոլումն են: Մենք նաև հանրությանը ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց ներառման համար»,- հավելում է «Փրկություն» ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը:
Միջոցառմանը մասնակցեցին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցեցին կենտրոնի սաներին:
«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: