Կանանց միջազգային տոնը ևս մեկ առիթ է ոչ միայն արժևորելու կանանց ձեռքբերումները և նրանք իրավունքների ապահովումը՝ որպես հասարակության զարգացման գրավական, այլև մտորելու, թե ինչ խնդիրներ ու մարտահրավերներ են առկա մեր երկրում, որոնց բախվում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները՝ իրենց իրավունքներն իրացնելիս:
Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կրկնակի խոցելի են, և նրանց իրավունքները ոտնահարվում են ոչ միայն գենդերային հիմքով, ինչպես այլ կանանց պարագայում է, այլև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված: Արդյունքում հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները կարող են խտրականացվել և ենթարկվել բռնության տարբեր ոլորտներում և միջավայրերում։
Առողջապահական հաստատությունների անմատչելիության հետևանքով հաշմանդամություն ունեցող կանայք չեն կարող իրացնել իրենց սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը։ Թեև հաշմանդմություն ունեցող կանայք ավելի խոցելի են բռնության ենթարկվելու տեսանկյունից, քան հաշմանդամություն չունեցող կանայք, սակայն բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող հաստատությունները շարունակում են մնալ անմատչելի։
«Ագաթ» ՀԿ-ն ավելի քան 14 տարի զբաղվում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ և կարևորում է իրավունքների խթանումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից մինչև կրթական, առողջապահական և մշակութային իրավունքներ:
Երկու տարի առաջ մեկնարկած և մեր կազմակերպության կողմից իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի խթանումն էր: Ծրագրի շրջանակներում հիմնադրվեց «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը: Ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրվանից հաշմանդամություն ունեցող կանայք ստանձնեցին առանցքային դեր Կենտրոնի հիմնադրման և աշխատանքների իրականացման գործում: «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի բոլոր աշխատակիցները հաշմանդամություն ունեցող կանայք են։ Մենք հավատում ենք հաշմանդամություն ունեցող կանանց ներուժին, քանի որ մեր փորձը ցույց է տալիս՝ իրազեկվելով սեփական իրավունքների մասին՝ հաշմանդամություն ունեցող շատ կանայք փոխել են և կարող են դրականորեն փոխել ոչ միայն իրենց, այլև ուրիշների կյանքը։
Այսօր, առավել քան երբևէ, հարկավոր է ընդգծել՝ կյանքի տարբեր ոլորտներում կարևոր և անհրաժեշտ է բոլո՛ր կանանց մասնակցությունը՝ այն թվում նրանց, ովքեր ունեն հաշմանդամություն: Կանայք տարբեր են՝ իրենց բնավորությամբ, կարողություններով, նպատակներով և սպասումներով, սակայն իրավունքները նույնն են բոլորի համար։
Սիրելի՛ կանայք, միանալով այսօր հնչող բազմաթիվ շնորհավորանքներին, մեր թիմը ևս շնորհավորում է ձեզ՝ մաղթելով առողջ և խաղաղ կյանք՝ ներառական և ոչ խտրական Հայաստանում: