Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Գյումրու փոխքաղաքապետին

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում»

ծրագրի աշխատակազմը հանդիպեց Գյումրու փոխքաղաքապետը Դավիթ Առուշանյանի հետ՝ վերջինիս փոխանցելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու  ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան քաղաքում առկա մատչելիության խնդիրներին, քննարկեցին դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերի արդյունավետությունը։

Հիշեցնենք, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է հաշմանդամություն ունեցող 21 անձանց մասնակցությամբ անցկացված աշխատաժողովի ընթացքում։

Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: