Մատչելիության խթանմանն ուղղված առաջարկությունները փոխանցվեցին Շիրակի մարզպետին

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում մշակված հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական-քաղաքացիական մասնակցության խթանմանն ու  ընտրական գործընթացներն առավել ներառական և մատչելի դարձնելուն ուղղված առաջարկությունների փաթեթը փոխանցվեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին։

«Ագաթ» ՀԿ կատարած այցի ընթացքում ծրագրի ղեկավար Ռոզա Ավագյանը մարզպետին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, մշակված առաջարկությունների նպատակը։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության խթանումը՝ մարզպետը նշեց, որ նկատի կունենան ներկայացված առաջարկությունները՝ ոլորտում որոշումներ կայացնելիս։

Հիշեցնենք, որ առաջարկությունների փաթեթը մշակվել է հաշմանդամություն ունեցող 21 անձանց մասնակցությամբ անցկացված աշխատաժողովի ընթացքում։

Հանդիպումը տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացում Շիրակի մարզում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության  կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրություններ բոլորի համար 2021-տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: