«Եթե ես չեմ կարողանում քարտեզի վրա իմ տունը գտնել, ինչպես աշխարհագրություն դասավանդեմ»,-Մարալ Աղաջանյան։
Մարալը Գյումրիում է ապրում 2023թվականի սեպտեմբերից։ Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների նման ամուսնու և չորս երեխաների հետ գրեթե 1 տարի շրջափակումից հետո հաստատվեց Գյումրիում։ Անցած և ներկա դժվարություններից չի խոսում։
Մոտ մեկ ամիս է «Ագաթում» հաճախում է ձեռագործության դասերի, ասում է առաջին անգամ է ձեռագործությամբ զբաղվում, մասնագիտությամբ ուսուցիչ է, երկար տարիներ դասավանդել է՝ աշխարհագրություն։
Մարզում բնագիտական մասնագիտություններին տիրապետող ուսուցիչների պակաս կա, բայց դեռ չի ցանկանում դասավանդել, սովոր է, երեխաների հետ խոսել նախ հարազատ Արցախի աշխարհագրական առանձնահատկություններից, հիմա դեռ պատրաստ չէ, գուցե՝ սեպտեմբերից։
Հիմա կենտրոնացած է նոր հոբբի՝ ձեռագործության վրա, այն հնարավորություն է շաբաթական 2 օր, մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից, հուշերից։ Պատմում է դասերը լուռ են անցնում, ուշադրության կենտրոնում միայն թելերն են, գույները և գործելու ընթացքը։ Առաջին աշխատանքն էլ արդեն պատրաստ է, գյումրվա բարբառով կախազարդ է գործել։
Առայժմ դեռ հոբբի կամ սթրեսը հաղթահարելու միջոց, բայց ապագայում գուցե նոր մասնագիտություն և բիզնես։