Կլոր սեղանի շուրջ 8 անձ է՝ դասընթացի ընթացքում

Հոկտեմբերի 1․ Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր

Բռնության դեմ պայքարը միայն բռնության կանխարգելումը չէ։ Այն նաև նշանակում է ապահովել, որ բռնություն վերապրած յուրաքանչյուր կին կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ՝ անվտանգ, հասանելի և արժանապատիվ աջակցություն։

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր։ Այս առիթով ամփոփում ենք վերջին ամիսներին իրականացված մեր կարևոր աշխատանքներից մեկը՝ ուղղված բռնություն վերապրած հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար աջակցության ծառայությունների ավելի ներառական և մատչելի դարձմանը։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն Կվիննա Թիլ Կվիննա հիմնադրամի (Kvinna till Kvinna Foundation) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական ապագա բոլորի համար» ծրագրի շրջանակներում դասընթացների շարք է իրականացրել ՀՀ տարբեր մարզերում և Երևանում գործող աջակցման կենտրոնների և կազմակերպությունների աշխատակիցների համար։

Վերջին ամիսներին մեր մասնագետները հանդիպել են Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Դասընթացների ընթացքում անդրադարձել ենք այն հարցերին, որոնք կարևոր են հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար իսկապես հասանելի աջակցություն ապահովելու տեսանկյունից՝

🔹 հաշմանդամության, գենդերի և բազմակի խտրականության փոխկապակցվածությանը,
🔹 բռնություն վերապրած հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների առջև ծառացող խոչընդոտներին,
🔹 ծառայությունների ֆիզիկական, հաղորդակցման և թվային մատչելիությանը,
🔹 ունիվերսալ դիզայնին և խելամիտ հարմարեցումներին,
🔹 իրավունքահենք և տրավմայազգայուն մոտեցումներին,
🔹 անվտանգության պլանավորմանը և անհատական կարիքներին համապատասխան աջակցությանը։

Մեզ համար կարևոր էր, որ այս հանդիպումները չսահմանափակվեին միայն տեսական գիտելիքով։ Դասընթացները ներառում էին գործնական վարժություններ, դեպքերի քննարկումներ և մասնագիտական փորձի փոխանակում, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենան իրենց առօրյա աշխատանքը դիտարկել նաև հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների, կարիքների և հնարավոր խոչընդոտների տեսանկյունից։

Այս ամիսների ընթացքում մենք ոչ միայն խոսել ենք ներառական ծառայությունների մասին, այլև մասնագիտական համայնքի հետ միասին փորձել ենք հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ, որպեսզի աջակցությունը գործնականում հասանելի դառնա յուրաքանչյուր կնոջ համար։

Հոկտեմբերի 1-ը ևս մեկ առիթ է հիշելու, որ բռնությունից պաշտպանված լինելու և աջակցություն ստանալու իրավունքը բոլորինն է։

Հաշմանդամություն ունեցող կանանց համար աջակցման ծառայությունների մատչելիությունը լրացուցիչ հնարավորություն կամ առավելություն չէ․ դա իրավունք է։

Շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին և մասնագետներին, ովքեր մասնակցեցին այս գործընթացին, կիսվեցին իրենց փորձով և պատրաստակամություն հայտնեցին վերանայելու իրենց մոտեցումներն ու ծառայությունները՝ դրանք ավելի հասանելի և ներառական դարձնելու համար։

Ներառական աջակցությունը սկսվում է այն պահից, երբ յուրաքանչյուր կնոջ կարիքներն ու իրավունքները տեսանելի են։