Հունվարի 20–22-ը տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ նվիրված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ/WPS) օրակարգին, մասնավորապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 և 2475 բանաձևերին, խաղաղաշինության հիմունքներին և շահերի պաշտպանության մեխանիզմներին։
Դասընթացին մասնակցեցին 35 հաշմանդամություն ունեցող կանայք Երևանից և ՀՀ մարզերից։ Այն իրականացվեց «Կանայք որպես խաղաղաշինության դեսպաններ» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է ուժեղացնել հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցությունը խաղաղ
աշինության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներին՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով։
Ծրագրի ղեկավար Լենա Հովհաննիսյանը նշում է․
«Խաղաղաշինությունը միայն քաղաքական գործընթաց չէ․ այն սկսվում է համայնքից և յուրաքանչյուր կնոջ մասնակցությունից։ Մեր նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող կանայք դառնան ոչ միայն շահառու, այլ փոփոխության առաջնորդներ՝ իրենց համայնքներում բարձրացնելով անվտանգության, հավասար իրավունքների և մասնակցության հարցերը»։
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կդառնան խաղաղաշինության դեսպաններ և իրենց մարզերում կիրականացնեն խաղաղաշինությանն ու շահերի պաշտպանությանը ուղղված նախաձեռնություններ։

Դասընթացի ամենակրտսեր մասնակից Սուսաննա Փանոսյանն ասում է․
«Ցանկանում եմ, որ բոլոր աղջիկների խոսքը լսելի լինի և բոլորն ունենան հավասար իրավունքներ։ Դասընթացի ընթացքում սովորեցի ինչպես համագործակցել և իրականացնել շահերի պաշտպանության աշխատանքներ։ Դասընթացն ինձ ավելի ինքնավստահ դարձրեց և օգնեց հասկանալ, թե ինչպես կարող եմ նպաստել փոփոխություններին»։
Մասնակիցներից Մարիամ Գևորգյանն ընդգծում է, որ ծրագիրն ունի շարունակական ազդեցություն․
«Շատ կարևոր է, որ ծրագիրը ոչ միայն խրախուսում է գիտելիքներով կիսվելը, այլ նաև տրամադրում է մենթորական աջակցություն և ֆինանսական միջոցներ համայնքային նախաձեռնություններ իրականացնելու համար։ Շատերիս, ինչու չէ նաև ինձ համար կարևոր էր հասկանալ որտեղից և ինչից սկսել պայքարել անվտանգության և իրավունքների համար, ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց որպես խաղաղաշինության դեսպաններ հանդես գալու,սա մեծ հարթակ է մեր ձայնը լսելի դարձնելու և ամուր բռունցք դառնալու ի նպաստ բոլորիս»։
Տավուշում գործող հասարակական կազմակերպության ղեկավար Տաթևիկն էլ նշում է․
«Այս երեք օրերը գիտելիքահեն օրեր էին, նախկինում այնքան էլ ծանոթ չէի ԿԽԱ օրակարգին բանաձևերի մասին գրեթե չէի լսել։ Առավել կարևորն այն է, որ մինչ այս երբեք չէր կազմակերպվել նմանատիպ դասընթաց հենց հաշմանդամություն ունեցող կանանց համար։ Այս ծրագիրը լրացնում է շատ կարևոր բաց: Պատրաստվում եմ ստացած ինֆորմացիան կիսել մեր համայնքի ներկայացուցիչների հետ, շարունակական գործողությունները կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հնարավորությունների զարգացմանը»։
Վկայականների հանձնման ընթացքում «Ագաթ» ՀԿ ղեկավար և ծրագրի փորձագետ Կարինե Գրիգորյանը մասնակիցներին կոչ արեց ստացած գիտելիքները վերածել գործի․
«Գիտելիքը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այն կիրառվում է։ Ձեր ձեռք բերած հմտությունները կարող են իրական փոփոխություն բերել համայնքներում, եթե դուք կիսվեք դրանցով և նախաձեռնեք գործողություններ»։
Ծրագրի շրջանակում խաղաղաշինության դեսպանները առաջիկայում համայնքներում կիրականացնեն նախաձեռնություններ՝ ուղղված կանանց, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցության, անվտանգության և իրավունքների պաշտպանության խթանմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):






