Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի խթանման հանձնառություն են ստանձնել 25 կառույցներ և անհատներ

Լուսանկարը՝ համայնքային ռեսուրսային ցանցի առաջին առցանց համդիպումը

Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության խթանման, նրանց կողմից անկախ կյանքի իրավունքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գաղափարի շուրջ տարբեր շահագրգիռ կառույցների ու անձանց համախմբելու նպատակով «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում (ֆինանասավորումը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի) ձևավորեց համայնքային ռեսուրսային ցանց։

Շուրջ մեկ ու կես տարի առաջ ձևավորված համայնքային ռեսուրսային ցանցի անդամ են 25 կառույցներ և անհատներ, որոնց թվում են ՏԻՄ-եր, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ և անհատներ, աջակցող սարքեր տրամադրող, հոգեբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ։

Համայնքային ռեսուրսային ցանցի անդամները համագործակցում են փորձի և գիտելիքի փոխանակման, մասնագիտական և փորձագիտական աջակցության տրամադրման, տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտներում։

«Շատ ոգևորիչ է այն պատրաստակամությունը, որով մեր գործընկերները իրենց ներդրումն են կատարում Կենտրոնի գործունեության մեջ,- նշում է ցանցի պատասխանատու Մարինե Ավետիսյանը՝ անդրադառնալով մինչև այժմ կատարված ներդրումներից մի քանիսին,- ունեցել ենք նաև ներդրում հումանիտար օգնության տեսքով․ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի Սոցիալ-կրթական Կենտրոնը մեր շահառուներին տրամադրել է հիգիենայի և գրենական պարագաներ։ «Նոր որակ» ՍՊԸ-ից ստացել ենք աջակցող սարքեր՝ անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր և այլն։ Աջակցող տեխնոլոգիաների վերաբերյալ անհատ անդամ, սոցիալական ոլորտի փորձագետ Հայկ Մկրտչյանը դասընթաց է անցկացրել շահառուների համար, ինչպես նաև վերապատրաստում իրականացրել աշխատակազմի համար, «Էխո» ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը հասարակական ակտիվության վերաբերյալ փոխօգնության հանդիպում է վարել շահառուների հետ, մեր մեկ այլ գործընկեր «Ադամյան և ընկերներ աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ներգրավելու մեխանիզմներին։ Ունեցել ենք հանդիպում-քննարկում մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ, որն իրականացրել է անհատ անդամ, իրավաբան Անահիտ Չիլինգարյանը»։

Անդրադառնալով համայնքային ռեսուրսային ցանցի գործընկերների կողմից առաջիկայում կատարվելիք ներդրումներին՝ Մ․ Ավետիսյանը նշում է․ «Բազմաթիվ գործողություններ ենք պլանավորել, որոնց շրջանակներում գործընկերները պատրաստվում են ներդրումներ կատարել․ ունենալու ենք առցանց քննարկումներ՝ այդ թվում նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի, հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։ Նախատեսում ենք նաև լսողության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ շփման և աշխատանքի վերաբերյալ դասընթաց և աշխատակազմի վերապատրաստում իրականացնել»։

Հավելենք, որ համայնքային ռեսուրսային ցանցը պարբերաբար ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր անդամների։ 

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: