Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկությամբ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի աջակցությամբ հանդիպեցինք ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի հետ։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի բացման խոսքից հետո կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ներկայացրեց Կոալիցիայի գործունեությունը, ապա Կոալիցիայի անդամներն անդրադարձան առկա հիմնախնդիրներին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մատչելիության, մատչելիության վերահսկողության մեխանիզմների ստեղծման, լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների, մատչելի կրթության ապահովման, ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ։
ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ բարձրացված հիմնախնդիրներին՝ ներկայացնելով իր դիրքորոշումները և պատրաստակամություն հայտնելով ընտրվելու դեպքում աջակցել այդ խնդիրների լուծմանը։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին, շարունակել պետական բոլոր դերակատարների գործունեության մշտադիտարկումը։
Հանդիպումը տեղի ունեցավ «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: