Հունիս 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի մարզային շնորհանդեսը:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև շահառուներին՝ մասնավորապես խոցելի խմբերին սպասարկելու գործում:
Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների զարգացման գործողություններում, ֆորումներում, համատեղ գործողություններում, ծրագիրը կխթանի կամավորականության զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը առաջնորդության զարգացման դասընթացներին, սոցիալական նորարարական ծրագրերի իրականացմանը: Կտրամադրվի շուրջ 700.000եվրո դրամաշնորհ՝ ուղղված ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի կողմից տարբեր նախաձեռնությունների իրականացմանը:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի և Արագածոտնի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցների և ՏԻՄ-ի ներկայացուցիչներ:
Ծրագրի թիմը ներկայացրեց ծրագրի հիմնական գործուղությունները, անդրադարձավ տարբեր թիրախային խմբերի և ոլորտների համար ծրագրի նշանակությանը: Տեղի ունեցավ քննարկում հայաստանյան ՔՀԿ-ների ընդհանուր կարիքների և բացերի վերաբերյալ՝ ծրագրի իրականացման ընթացքում դրանք նկատի առնելու նպատակով:
Ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիա-ն՝ համագործակցությամբ՝ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի: