«Դասասենյակի բույսն ավելի կարևոր էր իրենց համար, քան ես»․ ցավ, որը չի երևում

30-ամյա Անիի ձեռքին կարմիր դիպլոմն է, Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը գերազանցությամբ է ավարտել, մասնագիտությամբ հոգեբան է։ Սա Անիի իրականացած երազանքներից ամենամեծն էր։ Անին մանկական ուղեղային կաթված ունի, հենակներով է տեղաշարժվում։

«13 տարեկանից երազել եմ, որ հոգեբան դառնամ, որ շատ փոքր էի, միշտ հետաքրքրում էր, թե ես ինչու եմ սենց։ Այն տարիներին հասարակությունը, և նույնիսկ իմ ընտանիքը, դեռ պատրաստ չէին առերեսվել հաշմանդամության հետ։ Հարազատներս ասում էին, որ իրենք չեն պատկերացրել ու հավատացել, որ երեխան կարող է ծնվել հաշմանդամությամբ ու իրենք էլ դեռ չհաղթահարած էս ամենը, ես անընդհատ հարցեր էի տալիս, չգիտեին՝ ի՞նչ պատասխանեն։ Որոշեցի այլևս իրենց չհարցնել, բայց իմ մեջ շարունակաբար հարցեր էին ծնվում՝ «բա ինչու՞ ես», «բա ինչու՞ այսպես» և հասկացա, որ հոգեբանությունն է այն մասնագիտությունը, որն ինձ կօգնի շատ հարցերում», – «Ինձ Լսեք» նախաձեռնության շրջանակում պատմում է Անին։

Անին նաև հոգեբանական լուրջ խնդիրների էր բախվում դպրոցում չհասկացված ու չընդունված լինելու պատճառով։ Իրեն չէին նկատում, հաշվի չէին առնում, ինչի հետևանքով մեկուսացած էր ու անինքնավստահ։

«Դասասենյակի բույսն ավելի կարևոր էր իրենց համար, քան ես։ Ընդ որում, ոչ միայն աշակերտների, այլ նաև ուսուցիչների կողմից էր սխալ վերաբերմունք։ Երբ դասը լավ էի պատասխանում, ասում էին՝ «Այ տեսեք, էս աղջիկը էս խնդրով սովորումա, դուք չեք կարողանում» և ես ինձ նվաստացած էի զգում, երբ շեշտում էին իմ խնդիրը։ Ֆիզկուլտուրայի դասերին էլ չէին թողնում մասնակցեի, ես միայնակ նստում էի դասասենայկում։ Մինչև այսօր չեմ կարողացել մարսել այն հանգամանքը, որ ինձ ֆիզկուլտուրայի դասերից իզոլացրել էին», – ասում է նա։

Հասարակության նման վերաբերմունքը պատճառ դարձավ, որ Անիի մոտ նաև հոգեկան առողջության խնդիրներ ի հայտ եկան, ինչն Անին բացահայտեց արդեն հոգեբանի մասնագիտությունն ուսումնասիրելու ու սովորելու տարիներին՝ համալսարանում։ Չնայած համալսարանում հաջողվել էր լիարժեք ներառվել և դառնալ համայնքի ակտիվ անդամ, բայց ներքին պայքարը չէր դադարել։

«Երբեմն էմոցիոնալ ծանրաբեռնվածությունն ուղղակի անտանելի էր դառնում։ Այդ պահերին ես մեկուսանում էի աշխարհից՝ չէի ուզում ոչ մեկի հետ խոսել, տեսնել, սնվել անգամ։ Փողոցում դեմքս թեքում էի, որ մարդկանց չնկատեմ։ Բայց ամենասարսափելին սուիցիդալ մտքերն էին, որ հանգիստ չէին տալիս», – հիշում է Անին։

Անգամ այդ օրերին հասարակությունը չէր ընկալում ու չէր ընդունում խնդիրը։ Անին սեփական մաշկի վրա զգաց, որ մեր իրականության մեջ դեռևս առկա է մի խորը անդունդ ֆիզիկական և հոգեկան առողջության ընկալման միջև։

«Մտածում էի՝ ինձ այս կյանքը պետք չէ, ավելի լավ է մեռնեմ… ինչի՞ս է պետք մի կյանք, որտեղ ստիպված ես մեն-մենակ պայքարել մի ամբողջ հասարակության դեմ։ Շրջապատող կարծրատիպերն այնքան շատ են, որ սկսում ես հավատալ՝ ոչ մի լավ բանի արժանի չես։

Ասում են. «Լավ աղջիկ ես, բայց խնդիր ունես, վաղը որ երեխա ունենաս՝ անկողնուն ես գամվելու…»։ Այդ խոսքերից հետո պետք է քար լինես, որ դիմանաս ու չկոտրվես։ Բայց հենց այդ ճնշող միջավայրը չկա, օրինակ՝ համալսարանում, ես բացվում եմ, ինձ շատ լավ եմ դրսևորում»,- պատմում է Անին։

Եթե սոմատիկ ցավը՝ ստամոքսի խնդիրները կամ գլխացավը, ընդունվում են որպես օբյեկտիվ իրականություն, որը կարելի է ախտորոշել հետազոտություններով, ապա հոգեկան ապրումները հաճախ անտեսում կամ լուրջ չեն ընդունում։ Դեպրեսիան չունի տեսանելի վերքեր կամ հետազոտության պատասխաններ, որոնք հնարավոր կլիներ ներկայացնել որպես «ապացույց»։

«Երբ ստամոքսդ է ցավում, բոլորը հասկանում են, բայց երբ հոգիդ է ցավում, ասում են՝ «ձև ես տալիս, ուժեղ եղիր», «աղոթիր՝ կանցնի», «քեզ ի՞նչ է եղել, որ», «քեզ հավաքի, կանցնի» ու նման արտահայտություններ։ Դեպրեսիան տեսանելի վերք չէ, որ ցույց տաս ու օգնություն ստանաս։ Դա կամքի պակաս չէ, այլ ծանր վիճակ, երբ չես ուզում ո՛չ ուտել, ո՛չ լողանալ, ո՛չ էլ մեկին տեսնել, բայց քանի որ մեր հասարակությունում հոգեբույժին դիմելը դեռ «գիժ» լինելու հետ են կապում, ստիպված թաքցնում ես ցավդ ու մնում միայնակ՝ տագնապներիդ ու սուիցիդալ մտքերիդ հետ՝ ավելի խորացնելով վիճակդ։ Մինչդեռ սա սովորական հիվանդություն է, որը պրոֆեսիոնալ բուժում է պահանջում», – ասում է նա։

Առաջին աշխատաքով, որն ի դեպ՝ նորից հեշտ չի տրվել, խտրական ու կարծրատիպային մոտեցումների ու միջավայրային բարդությունների պատճառով, Անին կարողացել է գնել անհրաժեշտ դեղորայքն ու ստանալ բուժման կուրսը, բայց դեղորայքը թանկարժեք է ու աշխատանքը կորցնելուց հետո դեղորայքային բուժումը շարունակել չի կարողանում։ Հիմա Անիի համար միակ բժիշկն ու դեղը շրջապատող, իրեն հասկացող մարդիկ են։

«Հիմա ռեմիսիայի փուլում եմ, բայց երբեմն լինում են պահեր, երբ այդ դեղորայքի կարիքը զգում եմ, իսկ ընդհանուր ես համալսարանական տարիներին կարողացա ինձ վերագտնել։ Նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան ակտիվ ու նախաձեռնող լինել։ Այն, ինչ չէի արել դպրոցում, արել եմ համալսարանում։

Դասախոսներն ասում էին՝ «Անին այնքան բան է կարողացել անել, որ ոչ մեկս չենք արել»։ Ես հիմա ավելի լավ վիճակում եմ, կողքս ունեմ սիրող մարդ, ինձ հասկացող հարազատներ, այցելում եմ մարզասրահ, օրական 7 կմ քայլում եմ և ես այն աղջիկն եմ, որ ֆիզկուլտուրայի դասին չէին թողնում մասնակցել», – անկեղծ ժպիտը դեմքին ասում է Անին։

Հոգեբույժին կամ հոգեբանին դիմելը քաղաքակիրթ քայլ է և առողջության նկատմամբ պատասխանատվություն, այլ ոչ թե թուլության նշան։ Այս գիտակցման պակասը հաճախ հանգեցնում է ընտանեկան ողբերգությունների, ինչպես այս դեպքում, երբ հայրը դեռ վաղ տարիքում լքել է ընտանիքը՝ չկարողանալով ընդունել երեխայի առողջական խնդիրն ու առերեսվել դրան։ Միայն հասարակական գիտակցության փոփոխության շնորհիվ հնարավոր կլինի հոգեկան ցավը դուրս բերել ստվերից և դարձնել այն հասկանալի ու հաղթահարելի։

Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։