Գյումրիում ստեղծվել է համայնքի առաջին «ներառականության պատը», որը պատրաստվել է 70 կերամիկե սալիկներից, որոնք պարունակում են հավասարության, մարդու իրավունքների և ներառականության վերաբերյալ նախապես հավաքագրված արտահայտություններ և կոչեր։
Սալիկները փակցվել են ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ պետական կառավարման, կրթական, մշակութային և հասարակական տարբեր ոլորտները ներկայացնող անձանց կողմից՝ խորհրդանշելով բոլորի պատրաստակամությունը՝ միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։
Նախաձեռնությունը «Ագաթ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությանն էր։
Կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանի խոսքերով քաղաքի ծայրամասային թաղամասի ընտրությունը պայմանավորված է` ընդգծելու, որ ներառականությունը պետք է հասնի յուրաքանչյուր համայնք, չկենտրոնանա միայն քաղաքի կենտրոնում։
«Այսօր մենք բացում ենք ոչ միայն ներառականության պատ, այլև սիմվոլիկ տարածք, որի յուրաքանչյուր մաս խորհրդանշում է մեկ արժեք, մեկ սկզբունք և խոստում։ Հասարականության մեջ կարծրատիպ կա, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ մեկուսացված են,տխուր և մտահոգ, այս պատը դրա փայլուն հակափաստարկն է, մեր յուրաքանչյուր սալիկ համեմված է ժպիտով և գյումրեցու հումորով։ Սա նշանակում է, որ ներառականությունը միայն դժվարությունների մասին չէ, այն ուրախություն է,ստեղծարարություն, թեթևություն և կյանքը փոխելու ուժ։ Այս պատը մեկ քարն է այն մեծ ներառականության տան, որ «Ագաթ» կառուցում է շուրջ 18 տարի։ Այսօր մենք նաև ամրագրում ենք մեր ուղին և պարտավորությունը, շարունակելու մեր ներառականության պայքարը ոչ միայն խոսքով, այլ հստակ գործերով»,- նշեց Կարինե Գրիգորյանը։
Պատը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, սակայն սալիկներ կան, որոնք պարունակում են ժեստերի լեզվով արտահայտություններ, ինչպես նաև մեկական գերմաներեն, վրացերեն և մոլդովերեն սալիկներ են փակցրել փորձի փոխանակման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիայի ստեղծման նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Միասին հանուն ներառականության» ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Վրաստանում և մոլդովայում ևս իրականացվելու են նմանատիպ ակցիաներ։
Ծրագիրն իրականացվում է «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական Միության (EU) կողմից, և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից։

