«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի հերթական ծրագրի առանցքում կանանց և աղջիկների վերարտադրողական առողջությունն էր։ Կարևորելով կանանց իրազեկվածությունը սեփական առողջության վերաբերյալ՝ կազմակերպությունն իրականացրեց կանանց վերատադրողական առողջության վերաբերյալ վեբինարների շարք։
«Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության հետ կապված հարցերը մշտապես եղել են մեր կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը և պատահական չէ, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրինք այս ծրագիրը»,- նշում է «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Կարինե Գրիգորյանը։
Ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը խոսում է աջակցող վերարտադրողական տեխնոլոգիաների մասին
Ի սկզբանե վեբինարները նախատեսված են եղել հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց համար, սակայն կազմակերպիչները, հաշվի առնելով հանգամանքը, որ վեբինարների նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև հաշմանդամություն չունեցող կանայք, որոշում է կայացվել վերջիններիս նույնպես ներգրավել։ «Փորձեցինք հնարավորինս շատ կանանց ընձեռել ոլորտի լավագույն բժիշկներին լսելու և նրանց հարցեր ուղղելու հնարավորությունը։ Արդյունքում ունեցանք հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 70 մասնակիցներ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից»,- նշում է ծրագրի ղեկավար-համակարգող Մարինե Ավետիսյանը՝ հավելելով, որ վեբինարները շուտով հասանելի կլինեն կազմակերպության յութուբյան էջում և բոլոր հետաքրքրվողները կկարողանան լսել դրանք։
Մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Իսահակյանը խոսում է ընտանիքի պլանավորման և հղիության մասին
Վեբինարների շարքի արդյունավետության մասին են վկայում են գնահատումների արդյունքները․ «Մասնակիցների մոտ արձանագրել ենք իրազեկվածության բարձրացում՝ շուրջ 90%-ով։ Սա շատ գոհացնող արդյունք է»,- նշում է ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ռոզա Ավագյանը։
Հավելենք, որ վեբինարները ապահովված են եղել ժեստերի լեզվի թարգմանությամբ։