Աշխատաժողով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպման և դպրոցում նրանց ներառման շուրջ

Մայիսի 19-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Մենք կարող ենք» ՀԿ-ն անցկացրեց աշխատաժողով Վաղարշապատի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում (ՏՄԱԿ):

Աշխատաժողովին մասնակցել են ուսուցիչներ, փոխտնօրեններ, ծնողներ, ուսուցչի օգնականներ, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, լոգոպետներ: Աշխատաժողովին մասնակիցներն անդրադարձել են ծնող-ուսուցիչ-երեխա համագործակցության կարևորությանը՝ երեխային դպրոցական կյանքում ներառելու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև «Մենք կարող ենք» ՀԿ-ի կողմից ստեղծված «Արեգակ» կրթական զարգացնող վեբ հավելվածը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նյութ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար:

«Երկուստեք շատ մոտիվացնող հանդիպում էր: Քննարկված թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրին մասնակիցների մոտ և ավարտին բոլորը նշում էին նման աշխատանքների և հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը»,- նշում է «Մենք կարող ենք» ՀԿ-ի նախագահ Արմինե Սահակյանը:

Վերջինս կարևորում է նաև աշխատաժողովի ընթացքում երկուստեք փորձի փոխանակումը. «Մասնակիցների հետ կիսվեցինք մեր իրական փորձով, որը պատմություն է ոչ միայն հաջողությունների, այլև դժվարությունների և փոքր ձեռքբերումների մասին»,- նշում է Արմինեն:

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում նմանատիպ աշխատաժողովները շարունակական են լինելու։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: