Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը ոչ թե «վտանգավոր է», այլ «խոցելի», և համայնքի դերը նրան պաշտպանելն է, ոչ թե մեկուսացնելը։ Սակայն իրականությունը հաճախ հակառակն է. մեր վախերն ու կարծրատիպերը ստեղծում են անտեսանելի պատեր, որոնց հետևում մարդիկ մնում են բացարձակ միայնակ՝ դառնալով հեշտ թիրախ շահագործողների համար։
35 տարեկան Մարիամը (անունը փոխված է) հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Տարիներ շարունակ նա լիմոնադի արտադրամասում պիտակներ փակցնելով ու օրական ընդամենը 1000-2000 դրամ վաստակելով՝ հոգում էր տարեց մոր և 10-ամյա որդու կարիքները, բայց լուրջ խնդիր էին շարունակում մնալ բնակարանային պայմանները։ Մարիամն ու որդին անկողին չունեին քնելու համար և հերթական աշխատանքի առաջարկը հենց դրանով էր գայթակղիչ թվացել Մարիամին։
«Հայկուշը ասեց, որ համ քնելու տեղ կտա, համ էլ լավ փող կտա։ Ես էլ համաձայնեցի, որ երեխուս համար լավ լինի։ Ամառային արձակուրդներն էին, գնացինք», – «Ինձ Լսեք» նախաձեռնության շրջանակում պատմում է Մարիամը։
Մարիամի համար դժվար է խոսել։ Խոսում է ընդհատումներով, երկար դադարներով ու կարճ նախադասություններով։ Աղավնաձորում գտնվող անասնաֆերմա Մարիամը տեղափոխվեց արդեն հղի վիճակում։ Թե ով է երեխայի հայրը, չգիտի։ Օգտվելով իր անօգնական վիճակից տարածքի տղաները Մարիամին բռնաբարել էին ու հղիության փաստն անգամ Հայկուշին չէր զսպել՝ կանխելու համար շահագործումը։
«Ամեն ինչ էլ անում էի, կով էի կթում, անասունները տանում էի սարը, մաքրում էի, մեկ-մեկ էլ Հայկուշը տանում էր իրա տունն էի մաքրում։ Առավոտը 7-ին ձեն էր տալիս։ Երեխուս էլ էր աշխատացում, վախեցնում էր, ասում էր՝ «ոտիս տակ կառնեմ, ավտոն էր ուզում քշեր վրեն, երեխեն էլ վախից խելոք աշխատում էր», – հիշում է Մարիամը։
Հայկուշը խոստացել էր փողի փոխարեն պանիր տալ, բայց ոչ փողն է տվել, ոչ պանիրը ու սա էլ դեռ քիչ է, Մարիամի 36 000 դրամ թոշակն է ձեռքից վերցրել ու «մի փոր հացով» շահագործել անպաշտպան մորն ու երեխային։ Մարիամը որդու հետ 1 անգամ փախչելու փորձ արել էր, բայց անհաջող։ Մոլորվել էին սարերում ու հետ վերադարձել։
«Ուզում էի, որ փախնեինք։ Երեխուս համար լավ չէր, դրա համար էի ուզումm փախնեի, բայց որ հետ եկանք, Հայկուշը արդեն մեր հետ դոմիկում էր մնում, որ էլ չկարանայինք փախնել», – պատմում է Մարիամը։
Դոմիկը, որտեղ մնում էին, զուրկ էր տարրական կոմունալ հարմարություններից։ Միայն մեկ մահճակալ ու մեկ սեղան էր դրված։ Ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե Մարիամի երկրորդ երեխան չծնվեր։ Մարիամին ծննդատուն են տեղափոխել, երեխան ծնվել է ու երկու երեխաները տեղափոխվել են խնամքի կենտրոն։ Մարիամի հետևից արդեն Հայկուշի մայրն է եկել, դուրս գրել ու նորից անասնաֆերմա վերադարձրել։ Հաջորդ օրը ոստիկաններն են եկել Մարիամի հետևից ու նրան դուրս բերել։ Ինչպես են ոստիկանները ներգրավվել, ինչպես են երեխաները խնամքի կենտրոն տեղափխվել, մանրամասները Մարիամը չի հիշում։ Մարիամը ոստիկանների միջնորդությամբ տեղափոխվել է թրաֆիքինգի ենթարկված անձանց կացարան, որտեղ 2 տարուց ավելի է բնակվում է, թեպետ կացարանում մնալու առավելագույն ժամկետը 1 տարին է, բայց Մարիամը գնալու տեղ չունի, նաև մասնագիտական օգնության կարիք ունի։ Մարիամի հետ աշխատում են մասնագետները, որովհետև հիմա նա շատ կարևոր ու նվիրական երազանք ունի՝ ունենալ մի անկյուն ու այնտեղ մեծացնել 2 տղաներին։
«Խոսում եմ երեխեքիս հետ, բայց հեռու են, կարոտում եմ։ Ես կարամ իմ երեխեքին պահեմ, էլի կաշխատեմ, կպահեմ, կողքս կլինեն», – դողացող ձայնով ու խոնավացած աչքերով ասում է նա։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ (մարդու թրաֆիքինգ
կամ շահագործում) և 189-րդ (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի
թրաֆիքինգ կամ շահագործում) հոդվածներով։ Գործը գտնվում է
նախաքննության փուլում։
Մարիամը երկար ժամանակ աշխատել է արտադրամասում, կատարել է
ֆիզիկական ծանր աշխատանք։ Սա ապացուցում է, որ նա ունի աշխատելու կամք
և ունակություն։ Մարիամը երբեք չի փորձել խղճահարություն առաջացնել կամ չի
սպասել որևէ մեկի օգնությանը։ Մարիամն այսօր էլ, ապրելով կացարանում ամեն
օր նոր հմտություն է ձեռք բերում՝ իր ընտանիքը վերամիավորելու և երեխաներին
հոգսն ինքնուրույն հոգալու համար։
Մարիամի պատմությունը ոչ թե մասնավոր դեպք է, այլ համակարգային
ձախողման օրինակ: Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող
անձանց համար հարմարեցված աշխատատեղերի և սոցիալական բնակարանային
ֆոնդի բացակայությունը նրանց մղում է դեպի հասարակության լուսանցք՝
դարձնելով թրաֆիքինգի և շահագործման հեշտ թիրախ:
Մարիամի դեպքը մեր հասարակության հավաքական անտարբերության
ամենավառ դրսևորումն է։ Հենց այդ մեկուսացումն ու պիտակավորումն են
ճանապարհ հարթում դաժանության ու շահագործման համար։ Որպեսզի մարդիկ
չդառնան շահագործման զոհ, համայնքը պետք է պատրաստ լինի ընդունել նրանց
առանց խտրականության՝ ստեղծելով պայմաններ, որտեղ նրանք կկարողանան
ապրել, արարել և աշխատել արժանապատվորեն։ Մարդու իրավունքը չի կարող և
չպետք է սահմանափակվի նրա առողջական վիճակով, իսկ մեր դերը նրանց
կողքին լինելն է, ոչ թե թիկունք դարձնելը։
Այս հոդվածը պատրաստվել է «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի
կողմից իրականացվող «Հոգեկան առողջության իմ իրավունքն ու համայնքում
ապրելու հնարավորությունը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն
իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ,
ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության
համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագիրն
իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի,
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական
ասոցիացիայի կողմից։
Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու է «Կարիտաս Արեգակ»
բարեգործական հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական
միության տեսակետները։

