«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ներկայացրել է առաջարկներ Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգի և Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ։ Բոլոր երեք նախագծերի նպատակն է ապահովել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի կիրառումը։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու» նախագծի վերաբերյալ կոալիցիան ներկայացրել է 23, «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու» նախագծի վերաբերյալ՝ 9, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները հաստատելու» նախագծի վերաբերյալ 6 առաջարկ։

Առաջարկները վերաբերում են նախագծերի բովանդակային փոփոխություններին և որոշումների կառուցվածքի ու գործընթացների կազմակերպման նկարագրերի հստակեցմանը։

Առաջարկներում ուշադրություն է դարձվել հավաքվելիք անձնական տվյալների պաշտպանությանը. մասնավորապես առաջարկվել է ամրագրել, թե որ աշխատակիցները և ինչ իրավասությունների շրջանակներում են ունենալու հասանելիություն անձնական տվյալներ պարունակող տեղեկություններին։ Սա միտված է անձնական գաղտնիք պարունակող տվյալների՝ մի երրորդ կողմի ձեռքում չհայտնվելու վտանգի չեզոքացմանը։

Շահերի բախումից խուսափելու նպատակով առաջարկվել է բացառել հաշմանդամություն ունեցող անձին բուժող բժշկի կամ նրա կամ նրա ընտանիքի հետ անձնական ծանոթություն կամ այլ (օրինակ ազգակցական) կապեր ունեցող մասնագետների ներգրավումը գնահատման գործընթացում։ Նաև այն մասնագետների ներգրավումը, որոնց որոշումը բողոքարկվել է նախկինում և փոփոխվել է։

Անձի համար վարչարարության բեռը նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկվել է պարզեցնել գործընթացները և հստակեցնել ժամկետները։ Մասնավորապես առաջարկվել է հստակեցնել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի անձը, և թե որոնք պետք է ձեռք բերի պետական  լիազոր մարմինը՝ այն տրամաբանությամբ, որ պետական կառավարման համակարգի տնօրինության ներքո գտնվող տեղեկության և փաստաթղթերի ներկայացման բեռը չպետք է կրի անձը, այդ տեղեկությունը պետք է ձեռք բերի լիազոր մարմինը՝ անձի համաձայնությամբ։ Ժամկետների պարագայում որոշ կետերի վերաբերյալ առաջարկվել է նաև ամրագրել, թե ինչ ժամկետներում է փաստաթուղթը ուղարկվում դիմումատուին կամ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին մասնակցող դիտորդները ինչ ժամկետներում կարող են ներկայացնել իրենց դիտարկումները։

Կատարվել են նաև գործընթացների հնարավորինս թափանցիկ, հաշվետվողական և ներկայացուցչական եղանակով կազմակերպելուն վերաբերող առաջարկներ. մասնավորապես  դրանք ընդգրկում են հետևյալ էական կետերը.

  • մեկից ավելի ՔՀԿ-ների ներգրավմանը անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին,
  • ներգրավված ՔՀԿ-ների իրավասության դադարեցման պայմանների հստակեցմանը,
  • հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ մշտադիտարկման զեկույցի հրապարակմանը վերաբերող առաջարկներ։

Նշենք, որ այս նոր նախագծերի ընդունման պարագայում հաշմանդամության ճանաչմանը և գնահատմանը վերաբերող կառավարության նախորդ որոշումները ուժը կորցրած կհամարվեն։

Բովանդակային առաջարկների զգալի մասն ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծին և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ Հղումով

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծին և ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծին և ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: